Ոստիկանները հայտնաբերեցին սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին
Հունվարի 6-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոնքի պատռված, սալջարդ վերքով և գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել մի տղամարդ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող, 1969 թ. ծնված Մարինե Ա.-ին պատկանող սրճարանում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք հարվածներ են հասցրել ամուսնու` 1963 թ. ծնված Կարեն Հ.-ի դեմքին և մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Հունվարի 7-ին ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարեն Հ.-ին ծեծի են ենթարկել 1968 թ. ծնված Գագիկ Ա.-ն, 1968 թ. ծնված Աշոտ Տ.-ն, 1967 թ. ծնված Գագիկ Թ.-ն և 1968 թ. ծնված Գևորգ Պ.-ն:
Նույն օրը, ժամը 13.30-ին, Գագիկ Ա.-ն, Աշոտ Տ.-ն և Գևորգ Պ.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գագիկ Թ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն: