Արսեն Վենգերը գտնում է, որ Գվարդիոլան չպետք է խոսեր իր՝ «Բավարիայից» հեռանալու մասին
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր անհամաձայնությունն է արտահայտել Մյունխենի «Բավարիայի» մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ: Վենգերը գտնում է, որ իսպանացի մասնագետը չպետք է բացեր քարտերը Բունդեսլիգայի առաջին շրջանից հետո և խոսեր մրցաշրջանի ավարտից հետո գերմանական գրանդից իր հեռանալու մասին:
«Ես դեմ եմ այն բանին, որպեսզի մարզիչներն այդպես շուտ խոսեն իրենց ապագայի մասին: Դա լավ չէ թիմի համար և սպեկուլյացիաներ է հրահրում` կապված այլ մասնագետների հետ, որոնք անհաջող շրջան են ապրում:
Գվարդիոլան մեծագույն մարզիչ է և միայն նրա համար չէ, որ հաղթել է: «Բավարիան» իրենից առաջ էլ էր չեմպիոն: Ես նկատի ունեմ նրա վարքը և խաղային փիլիսոփայությունը»,- Վենգերին է ցիտում EFE-ն:
Ավելի վաղ գերմանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել այն մասին, որ Գվարդիոլան կգլխավորի «Մանչեսթեր Սիթին» և կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչը: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 25 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը