Ղարիբաշվիլին վարվեց Իվանիշվիլիի պես. Վրաստանի խորհրդարանի խոսնակ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարվեց Իվանիշվիլիի պես: Այսպես է մեկնաբանել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին վարչապետի հրաժարականը, որի մասին Ղարիբաշվիլին հայտարարեց երեկոյան: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:
«Ես գիտեի, որ Իրակլին այդ մասին մտածում էր, սակայն հայտնի չէր, թե նա երբ կկայացներ այդ որոշումը: Մեր դեպքում առաջին վարչապետը պաշտոնը լքեց մեկ տարի հետո: Նա հարկ համարեց հարթակը զիջել իր թիմի մյուս անդամներին: Իրակլի Ղարիբաշվիլին նույն քայլը կատարեց:
Մեզ պետք չեն վարչապետեր, խոսնակներ և նախագահներ մինչև իրենց կյանքի վերջը: Մենք Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ուս ուսի պայքարում ենք արդեն 4 տարի: Շնորհակալ եմ նրան իր կատարած աշխատանքի համար»,- հայտարարել է Ուսուպաշվիլին:
Նրա խոսքով՝ երկրի վարչապետի թեկնածուի հարցը կքննարկվի ուրբաթ օրը: Ուսուպաշվիլին ասել է, որ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանական մեծամասնությունը 7 օրվա ընթացքում պետք է ներկայացնի նոր վարչապետի թեկնածուին երկրի նախագահին:
Վրաստանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ երկրում գործընթացները սահուն կերպով կընթանան, ու բոլոր նախարարները կաշխատեն սովորական ռեժիմով: