ՄԱԿ-ի ԱԽ-ն հավանության է արժանացրել Լիբիայի նոր կառավարության ստեղծումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել, որով իր աջակցությունն է հայտնում Լիբիայի ազգային միասնականության կառավարության ձևավորմանը, հայտնում է TASS-ը:
Բացի այդ՝ ԱԽ-ն տվյալ բանաձևով «համառորեն կոչ է անում անդամ պետություններին օպերատիվորեն օգնություն ցուցաբերել ազգային համաձայնության կառավարությանը՝ արձագանքելու Լիբիայի անվտանգությանն ուղղված սպառնալիքներին», ինչպես նաև ակտիվորեն աջակցել երկրին՝«ջախջախելու ԴԱԻՇ-ին» ու պայքարել «Ալ-Քաիդայի» հետ առնչություն ունեցող խմբավորումների դեմ:
Հաղորդվում է, որ փաստաթղթի տեքստում, որը քվեարկության է դրվել Միացյալ Թագավորության կողմից, ողջունվում է Լիբիայում ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին քաղաքական համաձայնագրի ստորագրումը, որը պետք է ստեղծվի 30 օրվա ընթացքում ու կոչ կա՝ ուղղված զինված խմբավորումներին, որպեսզի վերջիններս հարգեն Լիբիայի ապագա կառավարության լիազորությունները: