Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հարազատները վճռական են. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «26-ամյա ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքից հինգ ամիս է անցել, սակայն քրեական գործի շրջանակներում մինչ այժմ որեւէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Մեղավոր անձանց շրջանակը պետք է պարզվի սույն քրեական գործով նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, որը, ըստ տուժողների իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի, մի քանի օրից պատրաստ կլինի։ Թովմասյանը երեկ պատասխանեց նաեւ մեր մի քանի հարցերին։

– Մարինե, սույն գործով նոյեմբերի 1-ին Ձեր մասնակցությամբ տեղի ունեցավ հանձնաժողովային փորձաքննության։ Այժմ ի՞նչ փոււլում է, ե՞րբ պատրաստ կլինեն արդյունքները։

– Մենք սպասում ենք եզրակացությանը, հավանաբար մոտ օրերս այն պատրաստ կլինի, որովհետեւ, ըստ մեր տեղեկությունների, քննարկման փուլերը ավարտվել են։

–   Այսինքն, փորձաքննությունը մի քանի փուլի՞ց էր բաղկացած։

– Այո, մենք տեղյակ ենք երկու փուլով քննարկման մասին, երկուսից մեկին մենք մասնակցել ենք, երկրորդ անգամ իրենք անհրաժեշտություն էին գտել դարձյալ փաստաթղթերի պայմաններում քննարկում կատարել, իհարկե մեր անհրաժեշտությանը իրենք չտեսան, որոշեցին բժիշկներով, մասնագետներով քննարկում կազմակերպել։ Դրանից հետո արդեն մենք տեղեկություններ չունենք՝ նորից քննարկում կատարե՞լ են, թե՞ ոչ։ Այս եզրակացությունով արդեն հստակ ու կոնկրետ կլինի բժիշկների մեղավորություն կա՞, թե՞ չկա, եւ եթե կա, կոնկրետ ո՞ր բժիշկի կողմից։

–   Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրվում են բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, այնուամենայնիվ հնարավո՞ր է, որ մեղավոր անձանց շրջանակը ավելին լինի։

– Ըստ մեր փաստաթղթերի, ըստ մեր դիտարկումների, չանելով նաեւ որպես բժշկական բնագավառի մասնագետ, որպես իրավաբան կարող եմ ասել իմ կարծիքը, որ կա ոչ թե կոնկրետ Շուշանիկ Բախշյանի, այլ բժշկական անձնակազմի կողմից ոչ բարեխիղճ, ոչ պատշաճ վերաբերմունք։

Մենք մեղադրում ենք ոչ պատշաճ գործողություններ իրականացնող բժիշկներին՝ Շուշանիկ Բախշյան, հերթապահ բժիշկներ, բաժնի վարիչ, այսինքն՝ նրանց, ովքեր այն չորս-հինգ օրերի ընթացքում առնչվել են Մերի Մարգարյանին բուժօգնություն ցուցաբերեի հարցում, մասնակցել են, բայց ոչինչ չեն արել։ Կոնկրետ անձանց շրջանակը մեր կողմից ներկայացվել է փորձաքննության ընթացքում՝ հարցրերի տեսքով, մենք ընդհանրացրած տվել ենք, թե այդ չորս օրերի ընթացքում ովքեր էին պատասխանատու բժշկական աջակցություն ցուցաբերելու եւ ովքեր, եթե պատասխանատու էին՝ չէին արել, ապա ինչքանով կա նրանց մեղավորությունը։ Սահմանված ժամկետում եզրակացությունը ստանալուց հետո կհաջորդեն մեր գործողությունները։ Համենայնդեպս, Մերի Սարգարյանի հարազատները վճռական դիրքորոշում, ունեն, ոչ մի բանի առաջ չեն կանգնելու եւ բոլոր հնարավոր միջոցները կիրառելու են, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտվի, եւ մեղավոր անձինք ինչպես Շուշանիկ Բախշյանն է ասում, ենթարկվեն պատասխանատվության։

–   Մարինե, այս դեպքից մոտ հինգ ամիս է անցել, բայց մեղավոր անձինք չկան, սա ձգձգում համարո՞ւմ եք։

–   Այս ձգձգումը կապված է կոնկրետ մասնագիտական եզրակացություն տալու հետ։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս