«Ղարաբաղյան հակամարտությունը հավերժական է, քանի որ չկա փոխընդունելի կարգավորման սցենար». Մալաշենկո

«Նախագահները հանդիպում են, որպեսզի չլինի հետագա սրում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Մոսկվայի «Կարնեգի» հետազոտական կենտրոնի գիտական խորհրդի անդամ, նույն կենտրոնի «Կրոն, հասարակություն և անվտանգություն» ծրագրի համանախագահ Ալեքսեյ Մալաշենկոն` անդրադառնալով Ալիև-Սարգսյան հանդիպմանը և ԼՂ հակամարտության գոտում ստեղծված լարվածությանը: Հիշեցնենք, որ Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ տեղի ունեցած գագաթաժողովից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Պիեր Անդրյուն (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն էին տարածել:

Համանախագահներն ընդգծել էին, որ գագաթաժողովը հնարավորություն է ընձեռել նախագահներին հստակեցնելու իրենց դիրքորոշումն առանձնազրույցի տեսքով հանդիպման ժամանակ:

Մալաշենկոն նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է իր ստանձնած պարտավորությունը, այն է՝ օգնել ավելի քան քսան տարի շարունակվող հակամարտության կողմերին բանակցել, որպեսզի իրավիճակն ամբողջությամբ դուրս չգա վերահսկողությունից, և լայնամասշտաբ լարվածություն առաջանա: Այս ձևաչափի շրջանակում բանակցությունները, ռուսաստանցի վերլուծաբանի խոսքով, օգնում են, որպեսզի հակամարտությունը չվերածվի պատերազմի: Սա, նրա որակմամբ, հերթական նախագահական հանդիպումն է եղել, որի ընթացքում նույնիսկ կարգավորմանը մոտ թեմաներ չեն քննարկվել, քանի որ դա չեն ցանկանում կողմերը:

«ԱՄՆ-ը, ՌԴ-ն և միջնորդները ցանկանում են կարգավորում, բայց դա պետք է ցանկանան նաև կողմերը` գործուն քայլեր ձեռնարկելով և բանակցելով, սակայն դրա կամքը չկա, քանի որ կողմերի դիրքորոշումները բոլորովին տարբեր են»,- նկատեց ռուս վերլուծաբանը:

Վերջինիս համոզմամբ՝ ԼՂ հակամարտությունը բարդ է նաև այն պատճառով, որ դրանում կան և՛ տարածքային ամբողջականության, և՛ ազգերի ինքնորոշման սկզբունքները, որոնք բախման մեջ են այս հարցում: «Սա դժվարացնում է կարգավորման հող նախապատրաստելը նաև, քանի որ ամբողջ աշխարհում այս սկզբունքների հետ կապված մեծ խնդիրներ են առաջացել, թեև համանախագահող երկրները կարծում են, որ կողմերին հաշտեցնելու ժամանակն է»,- ընդգծեց Մալաշենկոն:

Նա այն կարծիքին է, որ հակամարտությունն իր բնույթով հավերժական է, քանի որ երկու կողմերին բավարարող որոշում, փաստաթուղթ չկա, գոյություն չունի: «Շատ են խոսակցությունները կարգավորման այս կամ այն տարբերակի մասին, բայց դրան պետք է սթափ նայել, լուծման տարբերակ չկա, բայց կա գործընթաց, և այն պետք է շարունակվի: Կարծում եմ, որ բախումները շարունակվելու են, այս իրավիճակում դա անխուսափելի է: ԼՂ-ի շուրջ առկա ուժերը՝ ՌԴ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ը, փորձում են գտնել կարգավորում կամ գոնե թույլ չտալ պատերազմ, բայց դա պետք է կողմերը ցանկանան»,- նշեց նա: Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, թե չի հավատում, որ պատերազմ կլինի, քանի որ այդ պատերազմում ոչ մի կողմը չի հաղթի: Դա, նրա համոզմամբ, թույլ չեն տա նաև միջնորդները:

Տեսանյութեր

Լրահոս