
«Ինչ-որ մի պահի նախահարձակ կարող է լինել հայկական կողմը». Քաղաքագետ

«Կա տենդենց, որ ադրբեջանցիները յուրաքանչյուր հանդիպումից, կարևոր իրադարձությունից առաջ ակտիվացնում են գործողությունը շփման գծում, ու հասկանալի էր, որ վաղը նախատեսվում է նախագահների հանդիպումը, ինչ-որ մի բան պետք է անեին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Ադրբեջանի՝ երեկ կատարած դիվերսիոն հարձակման մասին՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ըստ նրա՝ պետք էր ցույց տալ, որ Ադրբեջանը դժգոհ է այս իրականությունից, Ադրբեջանը սպառնում է ռազմական գործողությունների վերսկսմամբ, Ադրբեջանը փորձելու է ինչ-որ բան փոխել, և այլն, դրա համար էլ նման քայլի դիմեցին: «Իմ կարծիքով՝ իրականում դա որևէ փոփոխության չի կարող բերել, դա կարող է բերել միայն լայնամասշտաբ գործողությունների վերսկսման: Ի դեպ, անպայման չէ, որ դա սկսեն ադրբեջանցիները, ինչ-որ մի պահի Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում կարող է ծագի այն գաղափարը, որ ավելի էժան և էֆեկտիվ, տրամաբանականն այն է, որ նախահարձակ լինի հայկական կողմը, եթե այդ կորուստներն անխուսափելի են»,- նշեց քաղաքագետը:
Քաղաքագետը չի կարծում՝ ինչ-որ լուրջ զարգացումներ տեղի կունենան Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպման արդյունքում. «Այդ հանդիպման գլխավոր իմաստն է՝ պարզապես ցույց տալ՝ բանակցային գործընթացը շարունակվում է, համենայն դեպս, դրա բացակայությունն ավելի վատ կլիներ»: