Ներկայանալով Լոռու մարզպետ՝ դատապարտյալը մանկաբարձ-գինեկոլոգին տնօրենի պաշտոն է խոստացել
Դատարան է ուղարկվել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորի վերաբերյալ քրեական գործը:
Նախաքննության ընթացքում 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պատիժ կրելով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում, խաբեությամբ ուրիշի խոշոր չափերով գումար հափշտակելու նպատակով քրեակատարողական հիմնարկից զանգահարել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն՝ ընկերության մանկաբարձ-գինեկոլոգին, ապա իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացնելով, ներկայացել՝ որպես ՀՀ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյան, և մանկաբարձ-գինեկոլոգից, «Վանաձորի բժշկական» ՓԲ ընկերության տնօրենի պաշտոնում նշանակելու խոստումով՝ պահանջել է վերջինիս փաստաթղթերը փոխանցել Միքայելյան ազգանունով անձնավորությանը:
Ըստ մեղադրանքի՝ հետագայում ամբաստանյալն ուրիշի խոշոր չափերով գումարին խարդախությամբ տիրանալու իր դիտավորությունն իրագործելու նպատակով, ծանոթի միջոցով և պարբերաբար զանգահարելով մանկաբարձ-գինեկոլոգին՝ վստահեցրել է նրան, որ տնօրենի պաշտոնին նշանակվելու համար անհրաժեշտ է 1.000.000 դրամ գումար, և այն պետք է փոխանցվի պահանջվող փաստաթղթերի հետ միասին: Վերոհիշյալ հանցագործության մասին մանկաբարձ-գինեկոլոգը գրավոր հաղորդում է տվել, և ամբաստանյալին չի հաջողվել հանցագործությունն ավարտին հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ վերջինիս կողմից պահանջած գումարի մի մասը՝ 150.000 դրամը, հայտնաբերվել ու վերցվել է՝ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: