«Նրանք գնացել են, ուրիշ բաներ են արել, ես նրանց արածը նույնիսկ համարում եմ դավաճանություն». Վահան Բադասյանը՝ Արթուր Վարդանյանի մասին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ Երեւանում վնասազերծված խմբի, «Հայոց վահան» կառույցի ներկայացուցիչների, մասնավորապես Արթուր Վարդանյանի մասին ԼՂՀ Աժ ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանի հայտարարությունները մեծ իրարանցում են առաջացրել հանրային շրջանակներում։ Բադասյանը, հիշենք, գլխավորում էր 2014 թվականին Արցախից Քեսաբ մեկնած հայ կամավորների ջոկատը, որտեղ հանդիպել է Քեսաբի ազատագրությանը մասնակցած «Հայոց վահանի» ղեկավարի հետ։ Իսկ խմբի վնասազերծումից հետո Վահան Բադասյանն աղմկոտ հայտարարություններ է արել Արթուր Վարդանյանի մասին՝ ասելով, որ Քեսաբ մեկնելու նրա միակ նպատակն այնտեղ լուսանկարվելն է եղել, այլ ոչ թե հայապաշտպանությունը։
– Պարոն Բադասյան, Ձեր հայտարարությունից հետո որոշ շրջանակների քննադատության թիրախն եք դարձել, թեեւ թունդ ընդդիմադիրի համբավ ունեք, բայց Ձեր հայտարարություններն սկսել են ցիտել բոլոր իշխանականները։ Եվ համացանցում Ձեզ մեղադրում են իշխանության ջրաղացին ջուր լցնելու մեջ։
– Քննադատողներն ովքե՞ր են, անհայտ ճիվաղներ են։ Ես ոչ մի սխալ բան չեմ ասել։ Այդ խումբը՝ «Հայոց վահան», որի անդամները դիմակներով նկարվել են, գնացել են Քեսաբ, բայց շեղվել ու խաչակրաց արշավանք են կատարել։ Հարց է առաջանում, եթե գնացել են քեսաբցու կողքին կանգնեն, ինչո՞ւ են դիմակներ հագել, թող ափաշքարա իրենց դեմքով կանգնեին, ինչի՞ են երեսները ծածկում, սեւերես են եղել, դրա համար։ Ուրեմն ինչ-որ մի բան այն չի եղել։
– Գուցե դա իրենց ջոկատի ընտրած մարտավարությունն է եղել։
– Նրանք ինչ-որ բանից ուզեցել են թաքնվել։ Ես պնդում եմ, որ նրանք այնտեղ հայանպաստ բան չեն արել։ Նրանք ընդամենը օգտագործվել են սիրիական կառավարության այս կամ այն սպայական կազմի կողմից, նույնիսկ ոչ կառավարության։ Ես օբյեկտիվ ենթադրություններ ունեմ, որ այդ օգտագործված մարդիկ կարող էին «Իսլամական պետության» չինովնիկների կամ հրամանատարների ձեռքն ընկնեին, հնարավոր է՝ նրանք էլ օգտագործել են, որպեսզի Հայաստանում զբաղվեն տեռորով։ Դեռ ամեն ինչ կպարզվի, բայց ես կարող եմ օբյեկտիվ ենթադրություններ ունենալ։
– Որպեսզի օդում չհնչի, կասե՞ք, թե ինչու եք կարծում, որ «Հայոց վահանն» օգտագործվել է սիրիական սպայական խմբերի կողմից։
– Հագել են սիրիական տարազ, զենք են վերցրել, կատարել են նրանց հանձնարարությունները։ Հիմա Քեսաբից հետո ո՞ւր են գնացել նրանք, ես չգիտեմ, կարող է ուրիշ վայրեր եւս գնացել են։ Ես լուր ունեմ, որ նրանցից ոմանք չեն համաձայնել գնալ Հալեպ, մյուսները գնացել են։ Մենք որ Քեսաբ ենք գնացել, նման առաքելություն չենք ունեցել՝ կանգնել սիրիական բանակի կողքին, նրանց տարազը հագնել, մենք գնացել ենք նպաստել, օգնել, որպեսզի շուտափույթ սկսվի Քեսաբի ազատագրման գործը, հարցը քաղաքականացրել ենք ու գործն արագ ավարտին ենք հասցրել։ Իսկ նրանք գնացել են, ուրիշ բաներ են արել, ես նրանց արածը նույնիսկ համարում եմ դավաճանություն, դա հայրենասիրություն չէ։ Անկախ իրենցից՝ նրանք ոչ հայանպաստ աշխատանք են կատարել։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: