Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատախազության օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.

« Դատախազության հարգելի՛ աշխատակիցներ եւ վետերաններ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Մենք ամեն տարի նշում ենք այս տոնը ու կարեւորում ձեր չափազանց պատասխանատու եւ պահանջված աշխատանքը մեր երկրի կյանքում ու Արցախի պետականաշինության գործընթացում:

Դատախազությունը մեր հանրապետության այն կառույցներից է, որն իր ամենօրյա բարդ ու դժվարին աշխատանքով պաշտպանում է պետության ու հասարակության շահերը, պահպանում օրինականությունը, կազմակերպում անզիջում պայքար հանցավորության դեմ: Եվ պատահական չէ, որ գերատեսչության առջեւ ծառացած խնդիրները մշտապես գտնվում են իշխանությունների ուշադրության կենտրոնում, հետեւողականորեն արվում է հնարավորը ձեր աշխատանքային պայմանների բարելավման, սոցիալական հարցերի լուծման ուղղությամբ:

Թանկագի՛ն բարեկամներ,
Դատախազության օրվա առթիվ մեկ անգամ եւս շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Տեսանյութեր

Լրահոս