Հանցավոր խմբավորո՞ւմ, ահաբեկչական խո՞ւմբ, թե՞ բեմադրված շոո՞ւ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ վաղ առավոտից, Երեւանի մի քանի շրջաններում կարելի էր հանդիպել զինված իրավապահների, ինչը, բնականաբար, մարդկանց շրջանում տագնապ էր տարածում: Իսկ արդեն օրվա կեսին ամեն ինչ հստակեցվեց: Ըստ ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ Նորքի 9-րդ փողոցի առանձնատներից մեկում հանցավոր խմբավորման տասը անդամներ են վնասազերծվել: «2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երեւանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը, ժամանելով Հայաստան, ստեղծել եւ ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, որը թաքցվել է Երեւանի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը»,- նշված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում: Իրավապահները պաշտոնապես չեն հայտնում, թե խմբի անդամները ինչ ծրագրեր են ունեցել, սակայն ոչ պաշտոնապես՝ մասնավոր զրույցներում ասում են, որ ինչ-որ ահաբեկչական գործողություններ են ծրագրել:
Եթե պարզվի, որ վնասազերծված խմբի անդամներն իսկապես ծրագրել էին ահաբեկչական գործողություններ իրականացնել Հայաստանում, ապա կարող են արձանագրել, որ սա նորություն է մեր երկրի համար: Իսկ մինչ այդ տեղի ունեցածից հետո այլեւս հասկանալի է դառնում, թե վերջին օրերին խորհրդարանի անցագրայի ծառայության անվտանգության աշխատակիցներն ինչու էին ինքնաձիգներով զինված: Այս խնդրին «Ժողովուրդ»-ն անդրադարձել է երեկվա համարում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: