Դեսպանն այցելում է առաջատար արևային չորանոց

Հայաստանի գյուղական բնակավայրերում տնտեսության զարգացման հարցերին նվիրված միամսյակի ընթացքում դեսպան Ռիչարդ Միլսը երեքշաբթի օրն այցելեց Նոր Երզնկայի արևային չորանոց, մի ծրագիր, որին իր օժանդակությունն էր բերել ԱՄՆ դեսպանությունը:

Դեսպանը շրջեց չորանոցի տարածքում և զրուցեց այգեգործների հետ, ովքեր այս չորանոցի շնորհիվ այժմ իրենց բերքը շուկա հասցնելու ավելի լայն հնարավորություններ ունեն:

«Ուրախալի է տեսնել, որ բանիմաց ու ձեռներեց անձինք օգնում են գյուղական համայնքներին տնտեսությունը զարգացնելու հարցում՝ միաժամանակ ապահովելով շրջակա միջավայրի պահպանությունը, – ասաց դեսպան Միլսը, – Ուրախալի է տեսնել այն օգուտները, որ այսօր քաղում են Նոր Երզնկայի բնակիչները՝ Ռուզաննային և նրա Էկոսերունդ ՀԿ-ին ցուցաբերած ֆինանսական աջակցության շնորհիվ: Սա մեկն է այն բազմաթիվ ուղիներից, որոնցով դեսպանությունը գործակցում է Հայաստանի ժողովրդի հետ տնտեսության բարելավման լուծումներ գտնելու հարցում»:

Նոր Երզնկա գյուղի արևային չորանոցը հիմնադրվել է 2012թ. Էկոսերունդ ՀԿ-ի կողմից: Ֆինանսավորումն ապահովվել է ՀԿ-ի հիմնադիր, ԱՄՆ Համֆրիի անվան կրթական ծրագրի շրջանավարտ Ռուզաննա Մանուկյանի կողմից, ով ստացել է դրամաշնորհ ԱՄՆ շրջանավարտների նորարական հիմնադրամից, որը ֆինանսավորում է տրամադրում ԱՄՆ կրթական փոխանակման ծրագրերի մասնակիցներին՝ աջակցելով Հայաստանում դրական տեղաշարժեր ապահովելու նրանց նախաձեռնություններին:

Էկոսերունդ ՀԿ-ը, նպատակ ունենալով ի ցույց դնել արևային էներգիայի օգտագործման առավելությունները որպես գլոբալ տաքացման դեմ պայքարի միջոց, անցկացրել է ուսուցումներ այգեգործների համար՝ մրգերից ու պտուղներից վերականգնվող էներգիայի կիրառմամբ օրգանական չրեր պատրաստելու առանձնահատկությունների վերաբերյալ: Չորանոցը ունի տարեկան մինչև 40 տոննա տեղական միրգ, պտուղներ ու խոտաբույսեր չորացնելու հնարավորություն:

Այցի ընթացքում դեսպան Միլսը նաև տեղեկացավ, որ ՀԿ-ը փորձում է այդ վայրն օգտագործել մարզում էկո-տուրիզմին զարկ տալու նպատակով: Կազմակերպությունը փորձում է իրականացնել էկոտուրեր ուսանողների ու բոլոր հետաքրքրված անձանց համար՝ նրանց ներկայացնելով արևային չորանոցը և դրանից բխող տնտեսական ու բնապահպանական օգուտները:

Տուրիզմի հետ կապված այս բաղադրիչը համահունչ է անցյալ շաբաթ դեսպանության մեկնարկած «Իմ Հայաստան» ծրագրի նպատակներին: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված 5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում ամերիկյան Սմիթսոնյան ինստիտուտը կաշխատի հայաստանյան գործընկերների հետ՝ ձևավորելու տուրիստական այցելավայրերի ցանց Հայաստանով մեկ, որտեղ լավագույնս ներկայացված կլինի Հայաստանի ինքնատիպ մշակութային ժառանգությունը: Այցելավայրերի ձևավորմանը զուգընթաց ծրագրի շրջանակում աշխատանքներ կիրականացնեն գյուղական բնակավայրերում տուրիզմի զարգացմանը նպաստող ծառայությունների ու ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ:

«Հայաստանի մշակութային ժառանգության կարևոր տարրերից մեկը, որ մենք կշեշտադրենք «Իմ Հայաստան» արշավի շրջանակում Հայաստանի ինքնատիպ ու համեղ խոհանոցն է, իսկ խոհանոցի կարևոր մասը գյուղատնտեսական ապրանքներն են, օրինակ՝ այս համեղ մրգերը, որ հենց դուք եք արտադրում, – ներկաներին ասաց դեսպան Միլսը, – Հուսով եմ՝ կգա այն օրը, երբ բազմաթիվ տուրիստներ կայցելեն ձեր համայնք: Այսպիսի այցերն են, որ թույլ են տալիս տեսնել և ճանաչել հյուրասեր հայ մարդուն»:

Տեսանյութեր

Լրահոս