ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը Փերիչեկին «հրավիրում է» Սլովակիա…
Օրերս Վիեննայում գործող «Արտաքին քաղաքականություն և ՄԱԿ-ի Ավստրիական միավորում» կազմակերպությունը (Foreign Policy and United Nations Association of Austria) Եվրոպայի անվտանգ ապագային միտված հերթական քննարկումն էր կազմակերպել և այդ առիթով հրավիրել որպես բանախոս Սլովակիայի հանրապետության փոխվարչապետ և Արտաքին և Եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակին: Քննարկմանը հրավիրված էր նաև ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը, որն էլ առիթն օգտագործելով հարց ուղղեց պարոն Լայչակին՝ ճշտելու համար, թե արդյո՞ք Սլովակիայի արտգործնախարարությունը ձեռնարկելու է որևէ քայլեր՝ Հայաստանում և Ադրբեջանում Սլովակիայի դեսպան Միգաշի անփույթ հայտարարության կապակցությամբ, որով նա փորձել էր հաճոյանալ ադրբեջանական լրատվամիջոցներին, ասելով, որ Սլովակիայի Քրեական օրենսգրքում Հայոց Ցեղասպանության փաստի մերժողականության դրսևորման հանդեպ գոյություն չունի համապատասխան պատժելիության հոդված:
Պարոն Գրիգորյանը Սլովակիայի փոխվարչապետին հիշեցրեց նաև Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինի մեկնաբանությունն այն մասին, որ այդպիսի օրենք գոյություն ունի Սլովակիայում, և ցանկացած ոտնձգություն կամ նույնիսկ կասկած Հայոց Ցեղասպանության փաստի առթիվ ենթադրում է քրեական պատասխանատվություն` ընդհուպ մինչև բանտարկություն և տուգանք:
Որքան էլ զարմանալի էր ներկաների համար, Սլովակիայի փոխվարչապետ Լայչակը ընդունեց օրենքի գոյության փաստը, որի համար ԵՀՄՖ նախագահությունը հայտնում է իր շնորհակալությունը:
Բնականաբար հետագայում պարոն Լայչակը իր պատասխան խոսքում անհաջող փորձ կատարեց պաշտպանելու իր ենթակային` դեսպան Միգաշին:
Նշենք նաև, որ այս հարցի շուրջ բազմակի անգամ իր մեկնաբանությունն է հայտնել Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ Շտեֆան Հարաբինը՝ պնդելով, որ Ցեղասպանությունների ժխտման դեմ օրենքը ոչ միայն ընդունվել է Ազգային Խորհրդի կողմից, այլև հաստատվել է կառավության կողմից` վարչապետի և Սլովակիայի նախագահի ստորագրություններով:
ԵՀՄՖ Նախագահությունը, հետամուտ լինելով վերոհիշյալ հարցին և անդրադառնալով թուրք տխրահռչակ քաղաքական գործիչ պարոն Փերիչեկի այն հայտարարությանը, թե պատրաստ է նաև Սլովակիայում ժխտել Հայոց Ցեղասպանության փաստը, դիմում է պարոն Փերիչեկին հետևյալ հայտարարությամբ.
«ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը պատրաստ է պարոն Փերիչեքին հրավիրել Սլովակիա, կազմակերպել դիսկուսիա, տրամադրել ամբիոն, որտեղ նա կարող է իրականացնել իր վաղեմի երազանքը` ժխտել կամ կասկած հայտնել Հայոց Ցեղասպանության եղելիության փաստի հանդեպ: Եվ եթե պարոն Փերիչեքը կցուցաբերի այդպիսի համարձակություն, ապա ԵՀՄՖ Նախագահությունն էլ բացեիբաց հայտարարում է, որ նրա հանդեպ անհապաղ կսկսվի դատական գործընթաց համաձայն Սլովակիայում գործող Քրեական Օրենսգրքի 424ա հոդվածի, որտեղ ամրագրված է, որ Հայոց Ցեղասպանությունը Սլովակիայի տարածքում ժխտողը կամ նրա եղելիության հանդեպ կասկած հայտնողը դատապարտվում է միչև 5 տարի ազատազրկմամբ:»
ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի հրավերը կուղարկվի պարոն Փերիչեքին շատ կարճ ժամանակահատվածում` օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիները:
ԵՀՄՖ Նախագահություն
Սլովակիա, Բրատիսլավա
24.11.2015թ