Վարորդները բողոքի ակցիայի են դուրս եկել. «Կանգառում տուգանում են, կանգառից դուրս տուգանում են, որտե՞ղ կանգնենք»
Բրազիլիայի հրապարակում հավաքված ավտովարորդները բողոքի ակցիա են իրականացնում։ Լրագրողների հետ զրույցում տաքսու վարորդները բողոքում էին լիցենզավորումից` պահանջելով, որ գործի կտրոնային համակարգ։
«Ես կարող ա մի ամիս տաքսի եմ քշում, հետո ուրիշ գործով եմ զբաղվում, ինչո՞ւ պետք է լիցենզավորեմ»,- ասաց վարորդներից մեկը։ Տաքսու վարորդները բողոքում են նաև նրանից, որ չեն կարողանում ուղևորներին անհրաժեշտ տեղերում իջեցնել, որովհետև կայանելու հնարավորություն չունենք.
«Որտեղ կանգնում ենք` տուգանում են։ Չենք կարողանում նաև ուղևորներին ինչ-որ տեղերից վերցնել։ Կանգառում տուգանում են, կանգառից դուրս տուգանում են, որտե՞ղ կանգնենք։ Ուղևորին ո՞նց սպասարկենք։ Նույնիսկ խանութ մտնելու համար է տուգանք գալիս։ Մենք տուգանք վճարե՞նք, թե՞ ընտանիք պահենք»։
Երթուղային տաքսու գծի տնօրեններից մեկն էլ նշեց, որ 100 դրամ ուղեվարձը քիչ է, վարորդները չգիտեն` գծի փո՞ղ տան, տուգա՞նք մուծեն, թե՞ ընտանիք պահեն. «Թող ուղեվարձը դարձնեն 200 դրամ, որ կարողանանք։ Ժողովուրդն ի վիճակի չէ այդքան վճարել, դրա համար թող 100-ը կառավարությունը վճարի, 100-ը՝ ժողովուրդը»։
Վարորդները պատրաստվում են երթով գնալ Բաղրամյան 26 ու բողոքի ակցիան շարունակել այնտեղ։