Սահմանադրական փոփոխություններում կան և՛ դրական, և՛ շատ մտահոգիչ կետեր. Կարինե Դանիելյան
«Ես դեռ չեմ կարող ասել՝ «այո», թե «ոչ», որովհետև սահմանադրական փոփոխություններում կան և՛ դրական, և՛ շատ մտահոգիչ կետեր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հանրային խորհրդի անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը:
Նա նշեց` այն հարցերը, որ իրենք բարձրացրել էին, շատերը հաշվի են առնվել, բայց, կետեր են մնացել, որոնք խիստ մտահոգիչ են: «Առաջ պետությունն ապահովում էր շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը, հիմա պետությունը խթանում է շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնում է: Նաև նշվում է, որ հանրությունը պարտավոր է պահպանել շրջակա միջավայրի պահպանությունը և վերականգնումը: Մենք պարտավոր ենք, պետությունը պարտավոր չէ: Ընդհանուր առմամբ, այս պարտավության բացակայությունը պետության, մեզ համար ընդունելի չէ»,- նշեց Կ. Դանիելյանը:
Նրա խոսքով՝ կան նաև այլ մտահոգիչ կետեր. «Երեխայի իրավունքին նվիրված կետերը, կրոնական կազմակերպությունների ազատությունները: Արևմուտքից եկող ամեն ինչ չէ, որ ճիշտ է. այնպիսի դրսևորումներ կան, որ ուղղակի ազգակործան են»:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ պարզաբանեց, որ խթանելը նշանակում է ապահովում և նախաձեռնողականություն. «Խթանելը ավելի վատը չէ, քան ապահովելը, քանի որ հա՛մ ապահովում ես, հա՛մ նախաձեռնում ես»:
Անդառանալով նաև Կ. Դանիելյանի՝ յուվենալ օրենսդրության վերաբերյալ ունեցած մտահոգություններին, Լ. Ալեքսանյանը նշեց, որ ինքը նման մտահոգություն չի տեսնում. «Ինքս պահպանողական մարդ եմ, շատ բաներ չեմ ընդունում: Ես չեմ տեսնում երեխաների իրավունքների հետ կապված խնդիրներ: Մեր ավանդույթններն այնքան ուժեղ են, որ եթե անգամ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս, մենք նման մտահոգություն չունենք: Մենք դեռևս այդ եղած իրավունքն էլ մեր ընտանիքներում չենք կիրառում, մենք ցածր ենք եղած օրենքներից էլ»: