«Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության, գնալու է իշխանությունից». Արարատ Զուրաբյան
«Մենք, ինչպես և պնդել ենք, շարունակում ենք պնդել, որ սահմանադրական փոփոխությունները շատ դրական են Հայաստանի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին: Ա. Զուրաբյանի գնահատմամբ՝ դրական է անցումը խորհրդարանական կառավարմանը, որը, նրա խոսքով, նաև որոշակի փոփոխություն է նախատեսում ընտրական համակարգում. «Մենք տարիներ շարունակ ցանկացել ենք, որ սա տեղի ունենա, ու հիմա մի քիչ զարմանալի է, որ իշխանությունն է նախաձեռնում սա: Բայց, դա չի նշանակում, որ եթե իրենք են նախաձեռնել, մենք կողմնակից չենք այդ փոփոխություններին»: Նա տեղեկացրեց, որ իրենք չեն մասնակացում քարոզարշավին, քանի որ կարծում են՝ քարոզարշավին ներգրավված ուժերը զբաղած են գործունեությամբ, որն իրենց համար անհասկանալի է. «Քանի որ նրանք, ովքեր կողմանկից են եղել փոփոխություններին, ասում են՝ «ոչ», և՝ հակառակը, տեսակետներ են փոխվել: Մենք չենք փոխում մեր տեսակետը»:
Խոսելով այն մասին, թե խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում, ով է լինելու երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Ա. Զուրաբյանը նշեց, որ ինքն այդ հարցում խնդիր չի տեսնում. «Նշանակություն չունի այդ պաշտոնը կստանձնի՝ նախագահը՞, թե վարչապետը»: Ըստ նրա՝ այդ դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է լինում: «Միշտ խոսում ենք սահմանադրական փոփոխություններից՝ մոռանալով, որ առանց դրա էլ՝ Հանրապետական կուսակցությունը կարող է վերարտադրվել: Եթե այս նույն համակարգը պահպանվի, ի՞նչ է, հանրապետականները այլ մոլորա՞կ են տեղափոխվելու: Այլ հարց է՝ մնալո՞ւ է Սերժ Սարգսյանը իշխանության, թե՞՝ ոչ: Ես կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը չի մնալու իշխանության, գնալու է իշխանությունից, չեմ կարծում՝ մեկը հայտարարի, որ հեռանում է, ու չգնա»,- նշեց Ա. Զուրաբյանը: