Ահաբեկչությունը միայն ինքնաթիռի պայթեցում կամ համերգի եկած մարդկանց սպանություն չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Անթալիայում G-20 համաժողովին որպես «փոքր եղբայր» մասնակցած Իլհամ Ալիեւը որոշել էր պահն օգտագործել եւ ահաբեկչական թեմայի շրջանակներում պնդել, որ Հայաստանը նույնպես ահաբեկչական երկիր է: Նպատակ չունեմ քննարկելու նման անհեթեթ պնդումները: Պարզապես կրկնեմ իմ կարծիքը, որ ահաբեկչությունը ոչ միայն ինքնաթիռի պայթեցում է կամ համերգի եկած մարդկանց սպանություն: Դրա հիմքում բռնությունը անվերապահորեն չդատապարտող մտածելակերպն է: Եվ այդ առումով Ալիեւին մի քանի օրում հերքեցին թե թուրքերը, թե ադրբեջանցիները, որոնք սկսեցին սուլել եւ բղավել «ալլահ աքբար» ֆուտբոլային հանդիպումներից առաջ, երբ առաջարկվեց մեկ րոպե լռությամբ հարգել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը:

Հետեւաբար, այդ մարդկանց սրտերում կա արյան ծարավ, եւ նրանք պատրաստ են հանուն ինչ-որ վրեժխնդրության կամ որեւէ այլ «վեհ գաղափարի» սպանել անմեղ եւ անպաշտպան մարդկանց: Ի տարբերություն իմ շատ հայրենակիցների՝ ես կարծում եմ, որ դա ոչ թե տվյալ էթնոսի առանձնահատկությունն է, այլ դարերով ներդրված մշակույթ, որի կրողներն ու քարոզիչներն են նաեւ Ալիեւն ու Էրդողանը: Այնպես որ՝ երբ վերջինս ասում է, որ միանում է ահաբեկչության դեմ պայքարի միջազգային ջանքերին, դա հակասում է այն քաղաքականությանը, որը նա վարում է երկրի ներսում:

Եթե Թուրքիայում, Աստված մի արասցե, նման ահաբեկչություն տեղի ունենա, եւ Հայաստանում ֆուտբոլային խաղի սկզբին առաջարկեն հարգել դրա զոհերի հիշատակը, քանի՞ մարդ է սուլելու եւ իր անհամաձայնությունն արտահայտելու դրա հետ: Ինձ թվում է՝ շատ քչերը: Հետեւաբար հանվում է ոչ միայն այն հարցը, թե ով է աջակցում ահաբեկչությանը, այլեւ այն, թե որ մշակույթին է մեր երկիրը պատկանում եւ որ ուղղությամբ պիտի գնա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս