«ԵՄ-ն փորձում է ճկունացնել Հարևանության քաղաքականությունը, ինչը կլինի ՀՀ-ԵՄ հարաբերությունների օգտին». լեհ փորձագետ

«ԵՄ-ն փորձում է ժամանակավոր լուծում տալ Արևելյան գործընկերության գոտում առաջացած խնդիրներին»,- այս մասին այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Արևելյան հարևանության քաղաքականության վերանայված տարբերակին, որը ներկայացվեց երեկ Բրյուսելում ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և հանձնակատար Յոհաննես Հահնի կողմից:

Զաշտովտն ասաց, որ, թեև ԵՄ-ում դժվար է ձևավորել ռազմավարական մտածողություն, գործընթացները դանդաղ են ընթանում, որովհետև տարաձայնությունները և շահերը բազմազան են, ԵՄ-ին հաջողվեց ամփոփել ԱլԳ Վիլնյուսյան գագաթաժողովից առաջ ԱլԳ տարածաշրջանում առաջացած խնդիրները՝ փորձելով դրանց առաջացման հիմքերը վերացնել Հարևանության նոր քաղաքականության նախագծում:

Թեև, լեհ փորձագետի կարծիքով, սա ժամանակավոր լուծում է, ծրագիրը շատ ավելի լուրջ վերանայման կարիք ունի: Ըստ Զաշտովտի, նոր փաստաթուղթն արտահայտում է ներկայացված հիմնական ոլորտներում, քաղաքական, տնտեսական, անվտանգության, Եվրոպական Միության կամքը, այն է՝ շարունակել աշխատել Արևելյան գործընկերությունը ձևավորած երկրների հետ: Լեհ փորձագետի խոսքով, ըստ էության, ԵՄ բոլոր առաջարկներն ուկրաինական ճգնաժամից հետո նույնն են մնացել: Նրա կարծիքով, վերանայված տարբերակի էական և կարևոր կետն այն է, որ ԵՄ-ն առաջարկելու է ԱլԳ երկրներին այն, ինչին նրանք են ձգտում, այսինքն, նոր քաղաքականության հիմքում տարբերակվածությունն է, առանձնահատուկ մոտեցումը յուրաքանչյուր երկրի նկատմամբ:

«Սա հնարավորություն կտա երկկողմ մակարդակում խուսափել սխալներից, իսկ ԱլԳ-ն շատ ավելի ճկուն դարձնել, քանի որ նախկինում ԵՄ-ն հաշվի չէր առնում յուրաքանչյուր երկրի առանձնահատկությունը, հավակնությունն ու ձգտումը, քանի որ բոլոր վեց երկրներին, ցանկանան նրանք թե ոչ, առաջարկվում էր մեկ փաթեթ, այնինչ նոր տարբերակը ենթադրում է, որ ԱլԳ-ի շրջանակում յուրաքանչյուր երկիր ազատ է ընտրել առաջարկվող փաթեթից այն, ինչ ցանկանում է, կամ հանդես գալ իր սեփական նախաձեռնություններով:

Սա կբացառի խնդիրները մոտ ապագայում, քանի դեռ ուկրաինական հակամարտությունը կարգավորված չէ»,- ասաց Զաշտովտը՝ շարունակելով, որ այս վերանայված տարբերակի ներկայացումը կարևոր է հատկապես ներկայումս, երբ Հայաստանը պետք է սկսի աշխատել Եվրոպական Միության հետ նոր փաստաթղթի վրա: Զաշտովտի կանխատեսմամբ, Հարևանության քաղաքականության վերանայված մոտեցումը ենթադրում է նաև ՀՀ անվտանգության խնդիրների դիտարկում և որոշակի լուծումների շուրջ բանակցություններ:

Ըստ նրա, լինելով ԵՏՄ անդամ, քանի դեռ այդ միությունում չկան չափանիշային պահանջներ, Հայաստանը կարող է բարեփոխումներ իրականացնել, սակայն, նրա կարծիքով, դա նույն արդյունքը չի տա, ինչ այն ժամանակ, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը: Այս դեպքում, Զաշտովտի որակմամբ՝ համագործակցությունը կլինի մակերեսային կամ գուցե փոքր-ինչ ավելին:

 

Տեսանյութեր

Լրահոս