«Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք…». Շատ եմ խնդրել, ժամանակն անցնում է և չեմ ստանում
– «Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցեք և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի» (Մատթ. 7: 7): Շատ եմ խնդրել ու թակել, բայց չի տրվել: Խնդրանքս վերաբերում է իմ ապագային, ու ժամանակն անցնում է, և չեմ ստանում:
– Ձեր մեջբերումը Հիսուսի խոսքերն են, որոնք, անշուշտ, հետագայում սկսեցին օգտագործել նաև եկեղեցու հայրերը` ևս մեկ անգամ փաստելով, որ մեր բոլոր խնդիրները, հոգսերը և ցանկությունները պիտի բերենք Տիրոջ առաջ և Նրանից էլ լուծում ստանանք: Դուք շատ լավ պատկերացնում եք ընթացքը, տեղյակ եք աղոթքի զորությանը, սակայն այն ժամանակը, որն ըստ Ձեզ, արդեն անցնում է, մենք չենք որոշում, այլ Աստված: Քանի որ լինում են դեպքեր, երբ մենք դեռ հասուն չենք որևէ իրավիճակի մեջ ճիշտ հանդես գալու: Դեռ աճելու շատ տեղ ունենք: Հավանաբար, նաև փորձառության պակաս: Քրիստոսին հավատացողը պիտի հարատև համբերությամբ աղոթի և սպասի Տիրոջ ողորմությանը: Շատ հավատավորներ կարող են իրենց իսկ փորձառությամբ փաստել, որ Աստված ոչ միայն տալիս է մեր խնդրածը, այլ ավելիով է տալիս և այնքան կատարյալ, որ երբևէ մարդկայնորեն անհնար էր դա պատկերացնել: Ես չգիտեմ, թե ինչ եք խնդրում Աստծուց, հետևաբար ավելի հստակ չեմ կարող Ձեզ ուղղություն տալ: Պիտի հորդորեմ, որ շարունակեք Ձեր աղոթքը և քրիստոնեական կենսակերպը: Ամեն բան կգա ժամանակին: Լարվել պետք չէ:
Երբեմն այն, ինչ մենք ցանկանում ենք ունենալ և անհրաժեշտ ենք համարում մեր կյանքում, հնարավոր է, որ ամբողջ կյանքում մեզ չտրվի: Սակայն դրանից մեր սերն ու վստահությունը չպիտի պակասի Աստծո հանդեպ, քանի որ եթե մենք հավատում ենք Աստծուն, ապա պիտի հիշենք, որ կյանքը սրանով չի սահմանափակվում, և Աստված մի օր վարձատրելու է մեզ: Հիշենք Հիսուսի խոսքերը. «Նախ խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա» (Մատթ. 6: 33): Այսինքն, ամեն օր ջանանք ապրել քրիստոնեավայել, և կգա մի օր, երբ մենք կըմբոշխնենք այն պտուղները, որոնք սիրով ցանել ենք:
Աղոթաբար` Անդրանիկ սարկավագ Մարկոսյան:
Qahana.am