Բաժիններ՝

Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն

– Ինչո՞ւ Աստված ստեղծեց մարդուն: 

– Համաձայն աստվածաբանական գիտության, Աստված բացարձակ կատարելություն է: Մինչ աշխարհի արարումն Աստված հաղորդակցության պակաս չէր զգում: Աշխարհը կարող էր և չլինել, բայց դրանից Աստվածայինը չէր պակասի: Ինչպես անցյալում, այնպես էլ ներկայում, որևէ մեկը հստակորեն չի կարող բացատրել արարչագործության պատճառները: Ոչինչ չի եղել Աստծուց առաջ և ոչինչ չի ստիպել Նրան ստեղծելու տեսանելի և անտեսանելի աշխարհները:

Սակայն արարչագործության մեջ ամենուր տեսնելով Աստծո շնորհի արտացոլումը՝ ինչպես դա բխում է Սաղմոսերգուի խոսքից. «Տերը քաղցր է բոլորի հանդեպ, և Նրա գթությունը տարածվում է Նրա բոլոր արարածների վրա» (Սաղ. 144: 9), ասում ենք, որ արարչագործության պատճառը  Տիրոջ սերը, շնորհը և գութն է: Աստված ուներ Իր փառքը մինչ աշխարհի արարումը (հմմտ. Հովհ. 17: 5), «Հիսուս Քրիստոսի Աստվածը` Հայրը փառքի» (Եփ. 1: 17):  Որդին էլ, «որ լույսն է փառքի և բուն պատկերը Նրա էության» (Եբր. 1: 3), ուներ Իր փառքը Հոր մոտ մինչ աշխարհի ստեղծումը (հմմտ. Ա Պետ. 4: 14): Նա Իր անսահման շնորհով ու սիրով ցանկանում է, որ  Իր փառքը կիսողներ լինեն, ուստի Իր անսահման կատարյալ հատկությունները բացահայտում է արարածների մեջ:

Նրա փառքը հայտնվում է երկնավոր ուժերին, արտացոլվում է մարդու, տեսանելի աշխարհի գեղեցկության մեջ: Գրիգոր Աստվածաբանն իր գործերից մեկում գրում է, որ գերագույն Փառքի համար միայն բավական չէր Իր փառքի ինքնահայեցումը, այլ հարկ էր, որ Նրա շնորհը հեղվելով տարածվեր, շատացներ շնորհներով հեղղվածների քանակը, որքան հնարավոր էր շատ: Հետևաբար Աստված նախ ստեղծում է հրեշտակային աշխարհը, երկնավոր զորություններին, ապա նյութեղենն ու մարդկայինը: Այսինքն՝ սուրբ հայրերի ուսմունքի համաձայն, Նրա շնորհն էր կամ շնորհի մասնիկը, որ արարչագործության պատճառ դարձավ:

Այնուամենայնիվ, այս ամենով հանդերձ, սրանք բոլորը տեսակետներ են: Ինչպես արարչագործությունն ընդհանրապես, այնպես էլ մարդու ստեղծումը և այս կյանքը, որ ապրում ենք, ամենամեծ հրաշքն է: Մեր կյանքն Աստծո պարգևն է, և մեզանից միայն պահանջվում է գոհություն և փառք մատուցել Աստծուն Իր մեծագույն պարգևի՝ մեր կյանքի համար  և ապրել ըստ Նրա կամքի:

Օրհնությամբ՝ Տ. Հովակիմ աբեղա Մանուկյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս