«Ժառանգությունը» կմասնակցի ՀԱԿ-ի հանրահավաքին՝ առանց Րաֆֆի Հովհաննիսյանի
«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի նոյեմբերի 20-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) կազմակերպած հանրահավաքին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ օրերս ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր, որ նոյեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրում են հանրահավաք՝ ««Ոչ»-ի հաղթանակի ծրագրին ծանոթանալու համար»: Զ. Փոստանջյան մեզ հետ զրույցում հայտնեց, որ «Ժառանգությունը» մասնակցելու է, բայց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ոչ, քանի որ դեռ հանրապետությունում չէ: Նա հայտնեց, որ առաջիկա օրերին կուսակցության առաջնորդը կվերադառնա հայրենիք:
Մեր հարցին, թե «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն է՞լ է մասնակցելու հանրահավաքին, Զ. Փոստանջյանը պատասխանեց, որ այդ հարցին ինքը չի կարող պատասխանել, քանի որ շտաբի քաղխորհրդի անդամ չէ:
Մեզ հետ զրույցում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ հայտնեց, որ կարծում է՝ ճակատը կմասնակցի հանրահավաքին, բայց դեռևս նման քննարկում չի եղել.
«Դե մենք մասնակցելու ենք, կարծում եմ՝ «Հիմնադիր խորհրդարանն» էլ կմասնակցի, բայց նման քննարկում չի եղել»: