«Եթե ժողովուրդը դեմ արտահայտվի հանրաքվեին, այդ ժամանակ ԲՀԿ-ն կպարտվի». Վահան Բաբայան

«Օրակարգում հարցն է, թե մեր հասարակությունն ինչո՞ւ պետք է սահմանադրական փոփոխություններին ասի՝ «այո»: Թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն «այո» ասում, այդ հարցին բավականաչափ անդրադարձել ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քարտուղար Վահան Բաբայանը՝ հավելելով, որ բնական, նորմալ վիճակ է տիրում դաշտում, իրենք ակտիվորեն մասնակցում են մարզային ու քաղաքային հանդիպումներին, և ոչ միայն կուսակցականների հետ են հանդիպում, այլև՝ բնակչության. «Մենք մասնակցում ենք նաև «Այո և ոչ» ռեալիթի շոուին», որն օգնում է մարդկանց կարծիք ձևավորել «այո»-ի և «ոչ»-ի վերաբերյալ»:

Նա նշեց, որ քարոզարշավից առաջ շատ նեգատիվ մթնոլորտ էր տիրում. «Այսինքն՝ մարդկանց թվում էր, թե հասարակությունն ըմբոստանալու է, շատ մեծ դիմադրություն է լինելու, բայց քարզարշավի կեսն անցել է, ու տեսանք, որ նման խնդիր չունենք:

Հասարակությունը շատ լոյալ է տրամադրված: Բազմաթիվ հանդիպումների ժամանակ մենք չենք տեսնում սահմանադրական փոփոխությունների դեմ որևէ լուրջ փաստարկներ: Ավելին, «Ոչ»-ի ճակատի մեր հարգելի մասնակիցները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն շփոթել են նախագահական ընտրության հետ և խոսում են ամեն ինչից՝ բացի Սահմանադրությունից և սահմանադրական դրույթներից: Իրենք փորձում են հականախագահական գործունեություն ծավալել, բայց բուն Սահմանադրության «այո»-ի ու «ոչ»-ի վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ են տրամադրում: Այսինքն՝ «Ոչ»-ի վիճակը շատ ծանր է»:

Նա նաև ընդգծեց՝ ԲՀԿ-ն «այո» է ասում սահմանադրական փոփոխություններին, որովհետև կարծում են՝ նոր Սահմանադրությամբ քաղաքական մենաշնորհը վերանում է, դատական համակարգը լինում է անկախ: Ըստ նրա՝ եթե ժողովուրդը դեմ արտահայտվի հանրաքվեին, այդ ժամանակ ԲՀԿ-ն կպարտվի. «Բայց հանրաքվեն դեռ չի եղել, ու մեծ հարցական է՝ ժողովուրդն ո՞ւմ կողմից է»:

Տեսանյութեր

Լրահոս