Դեսպան Հովհաննիսյանը իր հավատարմագրերը հանձնեց Պանամայի նախագահին
Նոյեմբերի 12-ին Պանամայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը (նստավայրը` Մեխիկո), երկկողմ հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ, իր հավատարմագրերը հանձնեց Պանամայի Հանրապետության նախագահ Խուան Կառլոս Վարելային, իսկ հավատարմագրերի պատճենները` երկրի փոխնախագահ ու արտգործնախարար տիկին Իսաբել դե Սենտ Մալո Ալվարադոյին:
Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո տեղի ունեցավ դեսպանի առանձնազրույցը Պանամայի նախագահի, ինչպես նաև փոխնախագահ ու արտգործնախարարի հետ:
Երկրի նախագահը, գոհունակություն հայտնելով Պանամայում առաջին անգամ Հայաստանի դեսպանի հավատարմագրման փաստի առնչությամբ, հաջողություն մաղթեց Գրիգոր Հովհաննիսյանին իր առաքելության իրականացման ընթացքում` հույս հայտնելով, որ այն հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև փոխգործակցության հեռանկարները, մասնավորապես՝ տնտեսական և մշակութային բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Հովհաննիսյանը հավաստիացրեց, որ մեծ եռանդով կաշխատի երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ: