ANCA-ն Օբամայի վարչակազմից պահանջում է ԼՂՀ-ում խաղաղության հաստատմանն ուղղված քայլեր ձեռնարկել
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հաշվի առնելով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրականացված հարձակումն ու 2 հայ զինծառայողների սպանությունը, շտապ կոչով դիմել է ԱՄՆ-ի իշխանություններին, որպեսզի վերջիններս խելամտություն դրսևորեն ու իրագործեն ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, դեմոկրատ Էլիոթ Էնգելի և այլ կոնգրեսականների ներկայացրած առաջարկները։
«Ադրբեջանցի դիպուկահարների կողմից 2 հայ զինծառայողների (Վահե Վանոյան, Միքայել Թորոսյան) սպանության դեպքն ահազանգում է այն մասին, որ պետք է անհապաղ իրագործել Ռոյսի և Էնգելի նախաձեռնությամբ ներկայացված խաղաղարար առաջարկները: Դա պարտադիր նախապայման է մարդկային կյանքերը փրկելու ու պատերազմը կանխելու համար»,-մեջբերում է Asbarez-ը ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանին:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ ANCA-ն առցանց արշավ է սկսել, որի նպատակն է Կոնգրեսի անդամներին համոզել` նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի նկատմամբ տվյալ առաջարկների իրագործման հարցով ճնշում գործադրել:
Asbarez-ը մանրամասնում է, որ Ռոյսի և մյուս կոնգրեսականների ներկայացրած առաջարկները ենթադրում են`
1. շփման գծից հակամարտող կողմերի դիպուկահարների հեռացում,
2. շփման գծում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից վերահսկվող նորարարական համակարգերի տեղադրում, որոնք հնարավորություն կտան հստակ իմանալ, թե կոնկրետ որ մասից է իրականացվել հարձակումը,
3. շփման գծում ավելի մեծ թվով ԵԱՀԿ Մինսկի խմբի մշտադիտարկողների տեղակայում, ինչը թույլ կտա ավելի հստակ արձանագրել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում էին ստացել զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.)։