Մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ են այդ «դեսանտի» ներկայացուցիչներն ասելու. «Առավոտ»
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ինչո՞ւ, երբ Ազգային փրկության ճակատի, «Ոչ»-ի ճակատի, «Այո/ոչ» ռեալիթի շոուի ժամանակ քաղաքական, հասարակական գործիչները գնում են որեւէ բնակավայր, նրանց քիչ մարդ է մոտենում: Իհարկե, քարոզչական նպատակով կարելի է ասել, որ մարդիկ վախեցած են: Գուցե կան նաեւ վախեցածներ: Բայց հիմնական պատճառն, իմ կարծիքով, այն է, որ մարդկանց չի հետաքրքրում, թե ինչ են այդ «դեսանտի» ներկայացուցիչներն ասելու: Նրանք անտարբեր են քաղաքական գործիչների քարոզի նկատմամբ: Ամենահեշտը, իհարկե, մարդկանց ստրկամտության կամ մտավոր ցածր մակարդակի մեջ մեղադրելն է: Ինձ թվում է՝ երկուսն էլ հերյուրանք է մեր քաղաքացիների հասցեին: Սառը-քաղաքավարի ընդունելության պատճառները պետք է փնտրել հյուրընկալվողների որակների մեջ: Իսկ նրանց հիմնական «առանձնահատկությունն» այն է, որ, անկախ նրանից` «այո» են ասում, թե «ոչ», «ընդդեմ ռեժիմի» են խոսում, թե «հանուն ռեժիմի»` այդ հռետորներն իրականում ոչ մի նոր բան չեն ասում եւ անկեղծորեն չեն հավատում իրենց ասածներին:
«Այո»-ականներն ու «ոչ»-ականները ինչ-որ ճիշտ կամ սխալ բառեր են ասում, բայց նրանց մտքերը բոլորովին այլ տեղում են: Մի մասը, այդ բառերն արտասանելով, մտածում է՝ «միեւնույն է, եթե անհրաժեշտություն լինի, բամփելու ենք գլխներին», մյուս մասը (անկախ «այո»-ից կամ «ոչ»-ից) մտածում է՝ «միեւնույն է, պարզ է, թե ինչպես է այդ ամենն ավարտվելու, միայն թե այս «այո»-ական կամ «ոչ»-ական բառերն արտասանելիս մի կերպ մեր գործերը դասավորենք, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում մի քանի պատգամավորական տեղ ունենանք ԱԺ-ում»: Եթե այդ «ճառասացները» ենթադրում են, որ «հասարակ ժողովուրդը» չի կասկածում իրենց անկեղծությանը, ապա նրանք վատ կարծիքի են մեր քաղաքացիների մասին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: