«Թուրքական հոսքը» չի կորցնում դինամիկան, հարկավոր է ժամանակ. Պուտին
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության նախագծի իրականացումը չի կորցնում դինամիկան, այն լիարժեքորեն համապատասխանում է Ռուսաստանի ու Թուրքիայի հետաքրքրություններին, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
«Չեմ կարող համաձայնել ձեր կարծիքի հետ այն մասին, թե «Թուրքական հոսքը» կորցնում է դինամիկան: Այդքան մասշտաբային նախագիծը չի կարելի մշակել ու համաձայնեցնել միայնակ:
Չափազանց շատ իրավական, տեխնիկա-տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերչական հարցեր, ներառյալ գազատարի ճյուղերի հարցը՝ հաշվի առնելով գազի գնման ու արդյունահանման իրական կարիքները, պետք է լուծել մեր թուրք գործընկերների հետ»,- ասել է Պուտինը ՌԴ-ի ու Թուրքիայի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում:
Պուտինը նշել է, որ որքան որակյալ կմշակվեն այդ բոլոր հարցերը, այնքան արագ, նվազագույն ռիսկերով ու ռեսուրսներ ծախսելով նախագիծը կյանքի կկոչվի՝ ռուսական գազը ուղղակիորեն մատակարարելով թուրքական կողմին:
«Գլխավորն այն է, որ տվյալ նախագիծը լիարժեքորեն համապատասխանում է Ռուսաստանի ու Թուրքիայի շահերին: Այդ հարցում մենք միասնական ենք իմ թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- նշել է ՌԴ նախագահը: