«Այս փոփոխությունները ժամանակավրեպ են, մարդիկ իրազեկված չեն. հանրաքվեն պետք է հետաձգվի». Արթուր Սաքունց

«Եթե «այո»-ի կողմնակիցներից գոնե մեկը կներկայացնի հիմնավորում, որ մարտի 1-ի հանցագործության բացահայտմանը խոչընդոտում են գործող սահմանադրական ինչ-որ նորմեր, և սահմանադրական փոփոխությունները կնպաստեն կամ կապահովեն մարտի 1-ի հանցագործության նախաքննության կամ քննության իրականացմանը, պատասխանատուների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկվելուն, ես կողմ կքվեարկեմ այս փոփոխությանը»,- այսօրվա քննարկման ժամանակ ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Ըստ նրա՝ առաջարկվող փոփոխություններում ավելի շատ անորոշություններ ու մտահոգություններ կան, քան պատասխաններ. «Եթե առաջարկում են մի անորոշություն, որի հետևանքները կախված են սուբյեկտիվ գործոններից, դա իրավական պետության որոշակիության սկզբունքի կոպիտ խախտում է հանդիսանում: Այսինքն՝ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, առաջարկում են խաղի կոններ, որոնք անորոշ են: Այսօրվա գործող Սահմանադրության հետ կապված լուրջ մտահոգություններ կան, բայց դրանք չեն լուծվում, մեզ ներկայացնում են մտահոգությունների նոր փաթեթ»:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները Հայաստանի հանրապետական կուսակցության իշխանության շարունակականությունն են ապահովում, ոչ թե վերարտադրությունը: Ըստ նրա՝ այս փոփոխություններով ժողովրդի գերակշիռ մասը ներկայացված չի լինելու ապագա խորհրդարանում. «Մենք՝ մեծամասնությունս, ունենալու ենք կայուն փոքրամասնության կարգավիճակ, որովհետև համապատասխան քաղաքական ռեսուրսները չունենք, որպեսզի կայուն մեծամասնություն ձևավորենք»:

Ա. Սաքունցի կարծիքով՝ կարևոր է ոչ միայն բովանդակությունը, այլև ընթացակարգը. «Սահմանադրության նախագծի ամբողջական տեքստը հրապարակվեց օգոստոսի 21-ին: Ես որտե՞ղ եմ հնարավորություն ունեցել այդ տեքստի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու: Սահմանադրական փոփոխություն իրականացնելու համար շատ կարևոր է քաղաքական ու քաղաքացիական համաձայնությունը։ Տարբեր հանդիպումները իմիտացիա էին՝ ցույց տալու համար, թե կա համաձայնություն։ Այս փոփոխությունները ժամանակավրեպ են, մարդիկ իրազեկված չեն. հանրաքվեն պետք է հետաձգվի։ Սա ոչ թե փոփոխություն է այլ պարտադրանք, ինչը դեմ է ժողովրդավարության սկզբունքներին»:

 

Տեսանյութեր

Լրահոս