Եվրախումբը նվազեցրել է տնտեսական աճի կանխատեսումը ԵՄ երկրներում
Եվրախումբը կանխատեսում է ԵՄ երկրներում տնտեսական աճի վերականգնում, թեև դա լինելու է ավելի դանդաղ, քան նախկինում ենթադրվում էր, հայտնում է korrespondent.net-ը:
Այդ եզրակացությունն արվել է անցած շաբաթ հրապարակված ԵՄ-ի 2015 թվականի աշնանային տնտեսական կանխատեսման զեկույցի հիման վրա:
Ինչպես նշել է Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը, երկուշաբթի օրը կայացած ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքների հիման վրա, աճի տեմպերի վրա ազդել է Չինաստանի ու մյուս երկրների տնտեսական աճի դանդաղումը:
Եվրախմբի ֆինանսների նախարարները համաձայնել են, որ հարկավոր են հավելյալ ջանքեր տնտեսական աճ գրանցելու համար այն ռազմավարության շրջանակում, որը ներառում է առողջ ֆիսկալ քաղաքականություն, կառուցվածքային բարեփոխումներ ու ներդրումներ:
Եվրախումբը ողջունել է Եվրահանձնաժողովի առաջարկը տնտեսական կառավարման ոլորտում: