«Այս դեպքը տեղի է ունեցել 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ…». «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Այս դեպքը տեղի է ունեցել 1998 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ, բայց կարող էր կատարվել 5, 10, 15 կամ 20 տարի առաջ: Կարող է տեղի ունենալ նաեւ այս տարվա դեկտեմբերի 6-ին: Գյուղերից մեկում համայնքի ղեկավարն իր մոտ էր կանչել գյուղացիներից մեկին, որի որդին ձերբակալված էր: Գյուղապետը նրան ասել էր. «Քո որդին կարող է ստանալ 2 տարի պայմանական, իսկ կարող է ազատազրկվել 10 տարով: Դա կախված է քեզնից. եթե գյուղը «ճիշտ» քվեարկի, որդիդ կգա տուն: Հակառակ դեպքում դու նրան 10 տարի չես տեսնի»: Դուք լինեիք այդ գյուղացու տեղը, ինչպե՞ս կվարվեիք:

Գուցե բողոքեիք ընդդիմադիրներին, իրավապաշտպաններին կամ լրագրողներին` իմանալով, որ դրանից ոչ մի օգուտ չի լինի, եւ գյուղապետը, առավել եւս` իրավապահները «սուխոյ ատկազ կկանգնեն»: Բայց շատ ավելի հավանական է, որ դուք սուսուփուս ամբողջ գյուղով մեկ կընկնեիք դռնեդուռ, կաղաչեիք ձեր համագյուղացիներին, որ նրանք քվեարկեն` «ինչպես որ պետքն է», քանի որ դրանից է կախված ձեր որդու ճակատագիրը: Ինչպես կվարվեի՞ք, եթե այդ համագյուղացիներից մեկը լինեիք: Դարձյալ շատ մեծ հավանականություն կա, որ ձեր քվեով կփորձեիք փրկել ձեր հարեւանի զավակին: Ուշադրություն դարձրեք, այս դեպքում չկա ոչ ծեծ, ոչ ջարդ, ոչ քվեատուփերի լցոնում, ոչ էլ նույնիսկ ընտրակաշառք:

Առկա են, իհարկե, հանցագործության նշաններ, որը, սակայն, բավականին դժվար է ապացուցել: Առկա է նաեւ ապացույց, որ մեր իրավական եւ դատական համակարգը ենթարկվում է իշխանության քաղաքական շահերին: Մենք իրավունք ունե՞նք նման դեպքերում մարդկանցից հերոսական ջանքեր պահանջելու` պետական մեքենայի պարտադրանքին դիմանալու: Կարծում եմ՝ այս պահին իրավունք չունենք: Ոչ էլ` մեղադրել այդ մարդկանց «ստրկամտության» մեջ: Ես այստեղ նշեցի ընտրություններ (հանրաքվեներ) կեղծելու եղանակներից միայն մեկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս