Ինչո՞ւ պետք է բարեկամի տուն պանրի գնացած կինը հայտնվեր Ադրբեջանում
Ինչպես հայտնել էր tesankyun.am-ը, Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կոթի գյուղի 76-ամյա բնակիչ Լուսիկ Աբովյանը նոյեմբերի 8-ից անհետացել է, նրան որոնում էին համագյուղացիները եւ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցները: Ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով այդ երկրի պաշտպանության նախարարությանը՝ հայտնել են,որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ, 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանը նոյեմբերի 8-ին հատել է հայ-ադրբեջանական սահմանը եւ հայտնվել Ղազախի շրջանում:
Իրականում, ըստ անձնագրային տվյալների, Լուսինե Աբովյանը ծնվել է 1939 թ. հուլիսի 8-ին: Կոթիից հայտնում են,որ Լուսիկ Աբովյանը հոգեպես առողջ է, նա նոյեմբերի 8-ին, ժամը 13-ի սահմաններում Կոթիում բարեկամի տուն էր գնացել պանիր վերցնելու, սակայն տուն չէր վերադարձել: Բարեկամի տունը հայ-ադրբեջանական սահմանից հեռու է մոտ 2 կմ: Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը ստույգ չի համարում այն տեղեկությունը,թե Լուսիկ Աբովյանը գտնվում է Ադրբեջանի տարածքում: