Բաժիններ՝

Դերասանուհին պատմել է, թե ինչպես է տեղի ունեցել վթարը. «Մեքենայի դուռը բացվել է և ես թռիչք եմ կատարել». Aysor.am

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դերասանուհի Ջուլիա Սաղաթելյանը, ով հեռուստադիտողին առավել շատ հայտնի է մի շարք սերիալներից և ֆիլմերից, օրեր առաջ ավտովթարի է ենթարկվել, այժմ Էրեբունի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում է և ողնաշարի ու ոտքի լուրջ վիրահատական կարիք ունի: Երեկ նա տեղափոխվել է հիվանդասենյակ:

Aysor.am-ի հետ զրույցում դերասանուհին ասել է: «Ես լսել եմ, որ շատերը աղավաղում են տեղեկատվությունը՝ գրելով, թե իբր ես ասել եմ՝ Էրեբունի հիվանդանոցն ինձանից գումար է պահանջում, որպեսզի ինձ բուժի: Ես պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ սա իմ առաջին հարցազրույցն է և նման բան չկա: Հիվանդանոցի բժիշկներն ինձանից գումար չեն ուզում բուժման համար, չեն հրաժարվում ինձ բուժելուց, պարզապես իմպլանտը, որը պետք է տեղադրվի, թանկ արժի: Արդեն քանի օր է՝ այս  հիվանդանոցում եմ, վերակենդանացման բաժանմունքից նոր եմ հիվանդասենյակ տեղափոխվել և ասեմ, որ ինձ շատ լավ է վերաբերում բուժանձնակազմը՝ հանձինս բժիշկ Կարապետ Մոմջյանի, ես իրենցից ոչ մի բողոք չունեմ: Պարզապես հիմա իմ գլխավոր խնդիրը այդ իմպլանտն է, որպեսզի կարողանան վիրահատել ողնաշարս և ոտքս: Գումարն իմպլանտի համար է անհրաժեշտ»:

Նա մանրամասներ է պատմել դժբախտ պատահարից. դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին՝ Գյումրիից-Մաստարա ավտոճանապարհին. «Ղեկին, բնականաբար, ես չեմ եղել, քանի որ ինքս վարել չգիտեմ: Այս մեքենայում ես ուղղակի ուղևոր էի: Չգիտեմ, հավանաբար վարորդի մեղքով էր, որ մոտ 200 կիլոմետրից ընկանք ձորը: Մեքենայի դուռը բացվել է և ես թռիչք եմ կատարել: Գիտեմ, որ ինձ սկզբում տարել են Գյումրու բժշկական կենտրոն: Անչափ շնորհակալ եմ իրենց, որ ինձ առաջին օգնությունը ցուցաբերեցին»:

Ողնաշարի իմպլանտն արժի 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ ոտքի բուժման համար անհրաժեշժտ է 1200-1300 դոլար: Ոտքի մեջ հատուկ մետաղներ պետք է դրվեն, որպեսզի ճիշտ կպչի:

Խարդախություններից խուսափելու, ավելորդ ժամանակ չվատնելու  ու հաշվեհամար չբացելու համար որոշվել է. բոլոր նրանք, ովքեր ցանկանում են և կարող են օգտակար լինել Ջուլիա Սաղաթելյանին, կարող են գումարն անձամբ փոխանցել նրա մայրիկին՝ Լաուրա Սաղաթելյանին՝ զանգահարելով 055.903008 հեռախոսահամարով:

«Ճիշտն ասած՝ ընդհանրապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է լինի այդ օգնությունը: Չէի մտածում, որ երբևէ նման իրավիճակում կհայտնվեմ: Հավանաբար միակ տարբերակը մայրիկիս միջոցով դա անելն է: Գիտեմ, որ արդեն մի քանի հոգի գրել են, որ պատրաստ են օգնել: Ինձ համար դժվար է դա բարձրաձայնել… Շնորհակալ եմ բոլորին»,-հուզված և արտասվախառն եզրափակեց Ջուլիա Սաղաթելյանը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս