ՌԴ-ն փորձում է ԼՂ հարակից 1-2 տարածք կորզել Ադրբեջանի համար. «Հայկական Ժամանակ»
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ անդրկուլիսյան նոր գործընթաց է ընթանում, որի հիմնական նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է: Խոսքը ԼՂ հարակից մի քանի շրջան Ադրբեջանին հանձնելու մասին է:
Ըստ իշխանական շրջանակներից ստացած տեղեկությունների, Ռուսաստանը փորձում է Հայաստանին համոզել՝ Ադրբեջանին հանձնել մի քանի շրջան, որի շնորհիվ հույս ունի, կկարողանա ստանալ Ադրբեջանի համաձայնությունը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հարցում: Կարճ ասած, ՌԴ-ն Ադրբեջանին ԼՂ հարակից մի քանի շրջան է խոստանում, եթե Ադրբեջանը համաձայնի դառնալ ԵՏՄ անդամ: Նույն աղբյուրները նշում են, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Հայաստան կատարած երեկվա այցի ընթացքում քննարկման հիմնական թեման հենց սա է եղել: Այդուհանդերձ, պաշտոնական Մոսկվան կարծես թե հասկացել է, որ տարածք հանձնելու տարբերակը բացառվում է, թեեւ շարունակում է բզբզալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում: