Սնոուդենը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի ու Իրաքի խաղաղ բնակիչների մահվան մեջ
Ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից խաղաղ բնակչության շրջանում մեծաթիվ զոհերը պայմանավորված են նրանով, որ որպես թիրախ օգտագործվում են բջջային հեռախոսներ, հայտնել է ԱՄՆ ազգային անվտանգության ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
«Նրանք կենտրոնանում են ոչ թե կոնկրետ քաղաքացու վրա, նրանք թիրախ են ընտրում հեռախոսը: Ու նրանք չգիտեն, թե ով է պահում այդ հեռախոսը իր ձեռքում՝ ահաբեկի՞չը, թե՞ նրա մայրը»,- ասել է նա շվեդական Dagens Nyheter պարբերականին տված հարցազրույցում: Այդ մասին հայտնում է RT-ն:
Հոկտեմբերին The Intercept-ը հրապարակել էր գաղտնազերծված փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից մահացածների 90%-ը խաղաղ բնակիչներ են, որոնք կապ չունեն թիրախի հետ:
Այդ զոհերը ԱՄՆ պաշտոնական փաստաթղթերում անվանվում են «ոչնչացված զինյալներ»: «Տեղեկությունը, որը ԱՄՆ իշխանություններն օգտագործում են, վտանգավոր է ու ոչ հավաստի»,- ասել է Սնոուդենը:
Սնոուդենի խոսքով՝ այդ անօդաչու սարքերը «ավելի շատ ահաբեկիչներ են ստեղծում, քան սպանում»:
«Ամենամեծ սպառնալիքը, որի հետ մենք բախվում ենք տարածաշրջանում, ծնվել է մեր սեփական քաղաքականությունից»,- պնդել է վերջինս: