«Նախորդ տարվա համար գնված վառելիքը դեռ չի իրացվել. Պահանջարկ չկա». Լյովա Խաչատրյան
Հաջորդ տարվա պետական բյուջեով հողօգտագործողներին պարարտանյութերի ձեռքբերման սուբսիդավորման համար նախատեսվում է հատկացնել 2 մլրդ 760 մլն դրամ` 2015 թվականից 930.6 մլն դրամով ավելի, իսկ ահա դիզելային վառելիքի ձեռքբերման սուբսիդավորման համար՝ 330.0 մլն դրամ՝ 930.6 մլն դրամով պակաս:
168.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանն դիզվառելիքի սուբսիդիաների այս կտրուկ կրճատումը պայմանավորեց պահանջարկի բացակայությամբ:
«Այսօր նույնիսկ նախորդ տարվա համար գնված վառելիքը դեռ չի իրացվել: Պահանջարկ չկա: Գների տարբերություն գրեթե չկա: Նաև այն վառելիքը, որ տրվում է սուբսիդիայով, մեխանիզատորների կարծիքով՝ որակով զիջում է և 10-15%-ով ավելի շատ է ծախսվում մեկ հեկտարը վարելու համար: Այսինքն, եթե դա էլ հաշվենք, ավելի ձեռնտու է գնալ ներքին շուկայում մեծածավալ վաճառողից գնել, քան վերցնել այդ վառելիքը»,- ասաց Լ.Խաչատրյանը:
Պարարտանյութի սուբսիդավորման ծավալի աճը պատգամավորը պայմանավորեց նրանով, որ միգուցե առաջ 60%-ն էին կարողանում բավարարել, այսօր գումար կա և պահանջարկի 70%-ը կբավարարի. «Այստեղ հակառակ պատկերն է՝ պարարտանյութը եթե 6000 դրամով են վաճառում, շուկայում 10-11 հազար արժի»,- ասաց Լ. Խաչատրյանը: