Բաժիններ՝

«Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը»

Ժամանակ առ ժամանակ մեր հասարակությանը ցնցում են Հայաստանը Ռուսաստանին միացնելու մասին հայտարարությունները: Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի մի ստվար հատված ռուսասեր է, բայց Հայոց պետականությունից հրաժարվելու և Ռուսաստանի մասնիկ դառնալու այդ գաղափարը պարբերաբար թարմացվում է թե՛ ռուսամոլ հայերի, թե՛ հենց ռուս ծայրահեղական գործիչների շուրթերով: Վերջին նման փորձը Gellup International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության կողմից է, որի հարցման արդյունքների համաձայն՝ հայաստանցիների 54.4 %-ը կողմ է, որ Հայաստանը միանա Ռուսաստանին:

Նման հարցումների և ընդհանրապես ՀՀ ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության դեմ արված հրապարակային հայտարարությունների կամ կոչերի դեմ պայքարելու համար ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել ու մեղավորներին պատժել տուգանքով կամ անգամ մինչև 3 տարի կալանքով: Նման պրակտիկա գործում է Լեհաստանում, Վրաստանում և հենց Ռուսաստանում:

Ըստ Է.Մարուքյանի՝ ՀՀ-ն ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ, նման գործողություններն ուղղակիորեն խախտում են Սահմանադրությունը և ուղղված են հայ ժողովրդի կամքի դեմ, որն արտահայտվել է համընդհանուր հանրաքվեի միջոցով: Է.Մարուքյանը Հայաստանում երկրի պետականության դեմ բացեիբաց իրականացվող քարոզը համադրում է Ցեղասպանության ժխտման հետ:

ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին Է.Մարուքյանի նախագծին երեկ դեմ արտահայտվեցին ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի բոլոր անդամները: ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նշեց, որ սա սահմանափակում է մարդու ազատ արտահայտվելու իրավունքը. «Եթե նման օրենք ընդունենք, Ամասիայի, Աշոցքի սաղ ժողովրդին կդատեն»:

Կարդացեք նաև

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ՝ բռնի կոչերի վերաբերյալ օրենսդրությունում դրույթ արդեն կա. «Մեր անկախությունը փխրուն չէ, լուրջ կայացած է, և ոչ մեկը չի կարող որևէ բան անել, նույնիսկ բռնի կոչերը: Ըստ էության՝ սա վերաբերում է նրան, որ դիրքորոշում հայտնելու վերաբերյալ պետք է տանեն պատասխանատվության ենթարկեն»:

ՀՀ արդարադատության փոխնախարար Արսեն Մկրտչյանի կարծիքով՝ եթե կոչերն ու հայտարարությունները դարձնենք քրեորեն պատժելի, ապա շատ ավելի մեծ խնդրի առաջ կկանգնենք:

Թեմայի շուրջ զրուցեցինք ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի հետ:

– Պարոն Ջհանգիրյան, նման հարցումների բուն նպատակը ո՞րն է, և կարո՞ղ է արդյոք արդյունավետ պայքար լինել ՀՀ ինքնիշխանության դեմ կոչերը քրեական պատասխանատվության ենթարկելը:

– Ես շատ վատ եմ վերաբերվում այդ հարցմանը, բայց չեմ կարծում, որ էդ հարցման դեմ պետք է պայքարենք քրեաիրավական մեթոդներով: Նախ՝ այդ հոդվածները մեր Սահմանադրության անփոփոխ հոդվածներ են, հետևաբար՝ դա ոչ մի քննարկման առարկա չի կարող լինել երբևիցե, և քրեաիրավական սանկցիաներն էլ այդտեղ, հատկապես այն ձևակերպումներով, այն դիսպոզիցիայով, ինչպես ներկայացված էր, պրակտիկայում կարող է շատ լայն և վտանգավոր կիրառում ստանալ, կարող է ծառայել հակառակ նպատակի և ցանկացած կարծիք մեկնաբանել՝ որպես ինքնիշխանության դեմ արտահայտած կարծիք կամ կոչ:

– Բայց չէ՞ որ նման հարցումները կամ դրանց, այսպես ասած, արդյունքների հրապարակումը ժողովրդի մեջ նաև տրամադրություններ են ստեղծում:

– Դրա դեմ պետք է պայքարել այլ մեթոդներով, ոչ թե` քրեաիրավական, այլ` գաղափարական, քարոզչական: Այլ մեթոդներով պետք է պայքարել դրա դեմ: Հո այդ նախագծին դեմ արտահայտվելով` մենք կողմ չե՞նք Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելուն: Նման քարոզչության դեմ պետք է պայքարել հասարակական պարսավանքի միջոցով, հասարակական մեթոդներով անարգանքի ենթարկել այդպիսի հարցում իրականացնողներին, ոչ թե ցանկանանք ինչ-որ մի անձի պատժելու համար Քրեական օրենսգրքում հոդված ներմուծենք, հետո էդ հոդվածը ըստ նպատակահարմարության իշխանության ձեռքը դառնա դագանակ հարյուրավոր այլ մարդկանց հետապնդելու համար և բոլորովին այլ իրավիճակների համար:

– Ըստ Ձեզ՝ այս քարոզչության իրական պատվիրատուն, աղբյուրը ո՞րն է:

– Գիտեք, ես Օպերատիվ հետախուզական ծառայության ղեկավար չեմ: Դուք կարող եք Ազգային անվտանգության ծառայությանը դիմել, իրենք գուցե Ձեզ ասեն: Ես էդպիսի տվյալներ չունեմ:

– Որպես քաղաքական գործիչ՝ ի՞նչ եք կարծում՝ ո՞վ շահ ունի այս դեպքում:

–  Չգիտեմ: Հայերը միշտ, ամեն տեղ ավելի կաթոլիկ են, քան Հռոմի պապը: Մի բան որ լսում են, ուզում են առաջինն իրենք լինեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս