«Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-ի զեկուցողի մոտեցումը». ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

ԼՂՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանությունը «Արցախպրես» գործակալությանը

Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ ԵԽԽՎ քաղաքական հարցերով և ժողովրդավարության հանձնաժողովը հավանություն է տվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» Ռոբերտ Ուոլթերի զեկույցի հիման վրա կազմված բանաձևի նախագծի քննարկմանը։

Ցավալի է, որ Ռոբերտ Ուոլթերի միակողմանի և կանխակալ զեկույցի հիման վրա պատրաստած բանաձևի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից։ Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-ի զեկուցողի մոտեցումը, ով որպես հիմք է ընդունել հակամարտության միայն մեկ կողմի դիրքորոշումը և իրավիճակի անաչառ ու չեզոք գնահատականի փոխարեն զեկույցում ներկայացրել է ադրբեջանական քարոզչական թեզերը։

Նախաձեռնելով շփման գծում բռնությունների աճի վերաբերյալ զեկույցի պատրաստումը՝ Ադրբեջանը նպատակ է հետապնդում խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խաղաղարար նախաձեռնությունները, մասնավորապես, արդարացնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների կիրառման առաջարկությունների մերժումն իր կողմից։

Մենք բազմիցս նշել ենք, որ Ադրբեջանի փորձերը՝ ռազմաքաղաքական հարցերը մտցնել ԵԽԽՎ-ի օրակարգ, որը նման խնդիրների կարգավորման համար չի տիրապետում ո՛չ համապատասխան գործիքների, և ո՛չ փորձի, իրենց բնույթով պոպուլիստական և հակաարդյունավետ են։

Կասկածի տակ չառնելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կանխարգելման հարցում ԵԽԽՎ անկեղծ շահագրգռվածությունը՝ կարծում ենք, որ առավել արդյունավետ և կառուցողական ներդրումը կլիներ ԵԽԽՎ միացումը միջազգային հանրության շրջանում ձևավորված կոնսենսուսին՝ սատարելու շփման գծում կայունության և կանխատեսելիության ապահովմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Տեսանյութեր

Լրահոս