«Պետք չէ մտահոգությունը նույնացնել քաղաքացիներին մոլորեցնելու հետ». Հովհաննես Մարգարյան
Հնարավոր չէ անձին, ով ունի նույնականացման քարտ, տրամադրել հին անձնագիր: Այս մասին այսօր Ոստիկանությունում տեղի ունեցող քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն առաջարկին, թե նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին կարելի է տալ հին անձնագրերը: Նրա խոսքով՝ օրենքը դա թույլ չի տալիս, բացի դա՝ այդ դեպքում մենք մեկ քայլ հետ ենք գնալու:
Հովհաննես Մարգարյանն ասաց, որ 1999թ. խորհրդարանական ընտրություններից հետո հաջողվեց անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ հիմքերից մեկն այն է, որ համեմատելով ցուցակները՝ Սահմանադրական դատարանը պարզեց, որ միայն Գյումրիից հայտնաբերվեցին մարդիկ, ովքեր մի քանի տեղամասերում ընտրությանը մասնակցել էին ամուսնության վկայականով, իսկ մի դեպքում՝ տեղեկանքով, որը ԽՍՀՄ կնիք էր կրում: Նա նշեց, որ 2007թ. ընտրությունների ժամանակ ներկայացրել են, որ որոշ մարզերում ընտրությանը մասնակցել էին ընտրացուցակներում ընդգրկված անձանցից ավելի մարդիկ. «Ես չեմ ուզում ընդհանրացնել, որովհետև ես խոսում եմ կոնկրետ մի դեպքի մասին: Ես չեմ տեսում այն տեսակետը, որ որևէ մեկը փորձում է մոլորեցնել հասարակությանը: Նախ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները բավարար ընտրական փորձ ունեն, և հնարավոր չէ իրենց մոլորեցնել»:
Նա նշեց, նույնականացման քարտով քվեարկելու դեպքում հնարավոր չէ ստուգել՝ արդյոք դրոշմակնիք կա՞, թե՞ ոչ: Նա հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկել, որ երկու մոտեցում ցուցաբերվի քաղաքացիներին. մի դեպքում ասում ենք՝ եթե անձնագրով ես քվեարկում, պետք է կնիք դնել, մյուս դեպքում՝ եթե նույնականացման քարտով ես քվեարկում, չենք կարող կնիք դնել, մի դեպքում՝ երբ քաղաքացին քվեարկում է անձնագրով, կարող ենք ստուգել հաշվառման վայրը, մյուս դեպքում՝ երբ քվեարկում է նույնականացման քարտով, հնարավորություն չկա ստուգելու, քանի որ չկա համապատասխան սարքավորում. «Հիմա այս ամեն ինչը հանրագումարում, իր շղթայի մեջ առաջացնում է կասկած: Սա է մտահոգությունը: Եվ պետք չէ մտահոգությունը նույնացնել քաղաքացիներին մոլորեցնելու հետ»:
Հովհաննես Մարգարյանն ասաց նաև, որ, երբ Վենետիկի հանձնաժողովի անդամներից հարցնում են՝ արդյոք քվեարկությանը մասնակցությունը գաղտնի՞ է, պատասխան են ստանում, որ դա երկրի որոշելիք հարցն է. նրա խոսքով՝ գաղտնի պետք է լինի քվեարկությունը, բայց ինչպե՞ս է քվեարկությանը մասնակցությունը գաղտնի, երբ ցանկացած անձ կարող է նկարահանել՝ անձը մտավ ընտրատեղամաս, ստացա՞վ քվեաթերթիկ, թե՞ ոչ: Նա նշեց, որ դա պետք է սահմանվի օրենքով:
Մնացական Բիչախչյանն ասաց, որ, երբ հրապարակվում է, որ 182 հազար անձ չունի հին նմուշի անձնագիր, առաջին հայացքից՝ կասկածի տեղիք է տալիս, սակայն, ըստ նրա՝ 182 հազար 391 քաղաքացի հոկտեմբերի 23-ի դրությամբ՝ ունի նույնականացման քարտ, չունի հին նմուշի անձնագիր. նրանցից 68 հազար 184-ն ունեն կենսաչափական անձնագրեր, որոնցով կարող են դուրս գալ հանրապետությունից: Անդրադառնալով Հովհաննես Մարգարյանի մյուս փաստարկին՝ Մնացական Բիչախչյանը նշեց, որ Ընտրական օրենսգրքով նախատեսված չէ դրույթ, որ ստուգվում է անձի հաշվառման հասցեն, նույնականացում կատարվում է փաստաթղթով, լուսանկարով: