«Ժողովրդին ասեցին՝ իջեք, թե չէ վարորդին 15 սուտկա կկալանավորենք». Մոսկվայից Երևան եկող ավտոբուսի վարորդը պնդում է՝ մեքենան անսարք չի եղել. 1in.am
1in.am-ը գրում է. Մոսկվայի պետավտոտեսչությունը երեկ երեկոյան կանգնեցրել է դեպի Երևան ուղևորվող երկու մարդատար ավտոբուս։ Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության Մոսկվայի բաժնի մամուլի պատասխանատու Անդրեյ Գալիակբերովի՝ ավտոբուսները լուրջ խնդիրներ են ունեցել արգելակների և ղեկի հետ կապված:
«Ստուգումների արդյունքում հայտնի է դարձել, որ դրանք տեխնիկական լուրջ խնդիրներ են ունեցել՝ կապված ղեկի և արգելակման համակարգերի հետ, ինչպես նաև փոփոխություններ էին արված ավտոբուսների գործարանային կառուցվածքում»,- հայտնել է Գալիակբերովը՝ հավելելով, թե վարորդներն ուղևորափոխադրումներ են իրականացրել առանց համապատասխան արտոնագրի և անվտանգության պահանջների կոպիտ խախտումներով:
Մինչդեռ Մոսկվայի ոստիկանության տուգանային հրապարակ տարված ավտոբուսներից մեկի՝ Երևան-Մոսկվա ուղևորափոխադրումներ իրականացնող «Ավազառ» ընկերության վարորդ Համլետ Համբակչյանը մեզ հետ զրույցում այսօր պնդեց, որ մեքենան անսարք չի եղել, ու խախտումներ չեն հայտնաբերվել։
«Իրենք ոնց ուզեն, էդպես կարող են ասել։ Իրենք ուզում էին ցույց տալ, թե աշխատում են, ես տենց հասկացա։ Մեր մեքենայում հայտնաբերել են ղեկի ձգություն, ասել են՝ պետք է մի մատով պտտվի, ձիգ է պտտվում, բայց նման մեծ մեքենայի ղեկը ոնց կարող է մի մատով պտտվել։ Նայել ենք տալու ղեկը ու վերադառնանք Երևան։ Վերացնելու ենք պարտադիր»,- ասաց նա։
Վարորդը պատմեց, որ երեկ՝ երեկոյան ժամը 6-ին, իրենց է մոտեցել ոստիկանությունը 2-3 մեքենայով, վարորդներին տարել են բաժին՝ ասելով, թե ուղևորների անձնագրերն են ստուգելու։ Իսկ մեքենան տարել են տեխզննման ու ասել՝ էս մեքենան չի գնալու։ «Ժողովրդին ասեցին՝ իջեք մեքենայի միջից, եթե չիջնեք, վարորդին 15 սուտկա կկալանավորենք, ժողովուրդն ասեց՝ չենք իջնում, տեղ չունենք գնալու, ոստիկաններն ասեցին՝ ՕՄՈՆ-ին բերելու ենք ձեր վրա կամ բոլորին դեպորտ կանենք, եթե չիջնեք մեքենայից»,- պատմեց վարորդը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: