«Ի՞նչն է խանգարում նախագահին դառնալ վարչապետ՝ իշխանությունը կենտրոնացնելով իր ձեռքում, ինչպես Իվանիշվիլին և Պուտինը». Դավիթ Հարությունյան

«Սահմանադրության նախագծում «երիտասարդ թոշակառու» չդառնալու նախագահի ցանկությունը փնտրելը հիմք չունի»,- այս մասին այսօր «Կառավարման և ընտրական համակարգերը ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում» կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել «երիտասարդ թոշակառու դառնալու» ճակատագրից:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ներկայումս գործող կառավարման համակարգը երկրի ղեկավարին կամ կուսակցության ղեկավարին հնարավորոթյուն է ընձեռում չդառնալ «երիտասարդ թոշակառու»: Ըստ նրա՝ պատմությունն ունի նման օրինակներ: Նա հատկապես խոսեց Պուտինի և Իվանիշվիլու մասին, որոնք նույնիսկ վարչապետ դառնալով՝ երկրի ողջ իշխանությունը կենտրոնացրել էին իրենց ձեռքում: «Ի՞նչն է այսօր խանգարում նման բան անելու համար, ի՞նչն է խանգարում նախագահին դառնալ վարչապետ և իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում: Այս ամենի հետ համադրենք նաև նախագահի այն հայտարարությունը, որ, ընդգծում եմ, եթե փոփոխությունները տեղի ունեցան, ապա նա չի պատաստվում զբաղեցնել ո՛չ վարչապետի, ո՛չ ԱԺ նախագահի պաշտոնը, իրականում այստեղ փնտրել «երիտասարդ թոշակառու դառնալու» հիմք իմաստ չունի»,- հստակեցրեց Հարությունյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս