«Զորքերի դուրսբերման մասին պահանջը չի համապատասխանում Մինսկի գործընթացին». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերով հանձնաժողովի կողմից «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» վերնագրված հակահայկական զեկույցի ընդունումից հետո հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ եթե այդ զեկույցն ընդունվի լիագումար նստաշրջանի շրջանակներում, կմնա ԵԽԽՎ-ի դարակներում եւ միայն կվնասի այդ կառույցի համբավին: Aravot.am-ը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Իգիթյանից հետաքրքրվեց, թե արդյոք այս զեկույցի ընդունումը չի ունենա որեւէ ազդեցություն.
«Անկախ այն բանից՝ բանաձեւն ազդեցություն կունենա, թե ոչ, այդպիսի հայտարարությունները համարում եմ բացասական, որովհետեւ նրանք նվաստացնում են ԵԽԽՎ-ի դերը: Այսինքն, եթե նրանք ուզում են ԵԽԽՎ-ում արժեք եւ հեղինակություն ունենալ, նրանք չպետք է այդպիսի հայտարարություններով վիրավորեն Եվրախորհուրդին եւ նվաստացնեն նրա դերը»,- պատասխանեց նա:
Անդրադառնալով զեկույցում ներառված ավելի խիստ բառակապակցություններին, Հովհաննես Իգիթյանը նշեց, որ այստեղ էլ երեւում է Հայաստանի պատվիրակության սխալը: «Զորքերի դուրսբերման մասին պահանջը չի համապատասխանում Մինսկի գործընթացին եւ այստեղ ինձ թվում է խառնում են Մինսկի այլ գործընթացի հետ, որը վերաբերում է Ուկրաինային: Այնտեղ այդպիսի մոտեցում կա: Իսկ մեր գործընթացում Մինսկի խմբի առաքելությունն ուղղված է 3 կողմերի հաշտեցմանը եւ ԼՂ կարգավիճակը պարզելուն: Այստեղ Հայաստանի պատվիրակությունը պետք է աշխատի եւ նիստի ժամանակ այդ մասին բոլորին տեղյակ պահի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: