Վրաստանի խորհրդարանում կին պատգամավորների թիվը կարող է աճել

Քաղաքական գործիչները պատրաստ են դիտարկել օրենսդրական մարմնում տեղերի մեկ քառորդը կանանց տրամադելուն ուղղված օրինագիծը:

Վրաստանի խորհրդարանում քվոտավորման համակարգի միջոցով կին պատգամավորների թիվն ավելացնելուն ուղղված շարժումը մոտ է հաջողությանը:

Սեպտեմբերին մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովը հավանություն տվեց գենդերային քվոտաների ներդրման վերաբերյալ օրենսդրական նախագծին`թույլ տալով այն ներկայացնել քննարկման առաջին փուլին:

Առաջարկվող օրենսդրական նախագիծը մշակվել է Կանանց քաղաքական ներկայացվածության հարցերով զբաղվող ժամանակավոր աշխատանքային խմբի կողմից, որն իրենից ներկայացնում է հասարակական կազմակերպությունների կոալիցիա, որը պայքարում է ներկայում տղամարդ պատգամավորներին նախապատվությունը տվող համակարգը փոխելու համար:

Այսօր խորհրդարանի 150 անդամներից միայն 18-ն են կանայք՝ կազմելով ընդհանուր տեղերի ընդամենը 12 տոկոսը: Կին պատգմավորների թիվն իրականում 17-ն էր, սակայն վերջերս նրանց թվին ավելացավ եւս մեկը՝ Էկա Խերխեուլիձեն՝զբաղեցնելով մանդատը վայր դրած տղամարդ պատգամավորներից մեկի տեղը: Մինչ այդ, Վրաստանը միջխորհրդարանական միության (IPU) ցանկում 111-րդ տեղն էր զբաղեցնում օրենսդրական մարմնում կանանց եւ տղամարդկանց տոկոսային հարաբերակցության հարցում:

Այսօր խորհրդարանական 15 հանձնաժողովներից միայն մեկն է կին պատգամավոր ղեկավարում: Նույն պատկերն է նաեւ այլ գերատեսչություններում: Կառավարության 20 անդամներից միայն 4-ն են կանայք, այդ թվում՝ Թինաթին Խիդաշելին, ով մայիսին դարձավ Վրաստանի պաշտպանության առաջին կին նախարարը:

Օրենսդրական նախագծի ընդունման դեպքում քաղաքական կուսակցությունները պարտավորվում են հավատարիմ մնալ այսպես կոչված «ճարմանդային համակարգին», որի համաձայն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների ցուցակներում կանանց եւ տղամարդկանց անունները փոխհաջորդում են իրար:

Վրաստանում այսօր խառն ընտրական համակարգ է գործում. խորհրդարանական 150 տեղերից 77-ն ընտրվում են համամասնական համակարգով՝ թեկնածուներն ընտրվում են կուսակցության ներկայացրած ցանկից՝ ստացած քվեների հիման վրա: Խորհրդարանում մնացած տեղերի համար պայքարն ընթանում է մեծամասնական ընտրական համակարգով: Ճարմանդային համակարգը երաշխավորում է, որ առնվազն 38 կին պատգմավորներ հնարավորություն կստանան անցնել խորհրդարան համամասնական ընտրական համակարգով: Սա իր հերթին նշանակում է, որ կանայք կկազմեն օրենսդիրների 25 տոկոսը: Օրինագծում, սակայն, մեծամասնական ընտրական համակարգով կին թեկնածուների հնարավոր հաղթանակն ապահովող որեւէ հատուկ դրույթ չկա:

Վրաստանի օրենսդրությունը պաշտպանում է գենդերային հավասարության սկզբունքը, սակայն կնոջ եւ տղամարդու դերերի վերաբերյալ ավանդական հայացքները դեռ արդիական են: Կին ղեկավարների մասին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) համար պատրաստված զեկույցում կանանց քաղաքական ակտիվությանը խոչընդոտող գործոնների շարքում նշվում են երեխայի մատչելի խնամքի բացակայությունը եւ սահմանափակ ֆինանսական ռեսուրսները:

2012-ին հրապարակված մեկ այլ փաստաթղթի հեղինակներ Թամար Բագրատիան եւ Մեդեա Բադաշվիլին քաղաքական ոլորտում կանանց ներգրավվածությանը խանգարող մի շարք այլ գործոններ են ներկայացրել:

«Վրաստանի քաղաքական կուսակցություններում տղամարդկանց գերակշռության պատճառով այդ կուսակցություններում պաշտոնական եւ ոչ պաշտոնական օրենքներ են հաստատվել: Այս օրենքներն էլ խանգարում են կանանց քաղաքական կարիերայի զարգացմանը», – նշվում է փաստաթղթում:

Վրաստանի կառավարությունը փորձել է շտկել իրավիճակը մինչ այժմ: 2011 թվականին ախորհրդարանն ընդունեց ֆինանսական խրախուսման վրա հիմնված կամավոր քվոտավորման օրենքը: Այսպես՝ այն կուսակցություններին, որոնց ներկայացրած ցուցակներում կանայք կազմում էին թեկնածուների 20 տոկոսը, պետությունը խոստանում էր տասը տոկոս լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել ընտրարշավների կազմակերպման համար: 2012-ին, սակայն, ընդամենը երկու կուսակցություն բավարարեցին այս պայմանը, բայց այդպես էլ չկարողացան հաղթահարել խորհրդարան անցնելու ընտրական շեմը:

Օրենքն 2012 թվականից ի վեր մի շարք փոփոխությունների է ենթարկվել, եւ այսօր այն կուսակցությունները, որոնց ներկայացրած յուրաքանչյուր տասը թեկնածուներից երեքը կանայք են, իրավունք ունեն 30 տոկոսի չափով լրացուցիչ ֆինանսավորում ստանալ:

Այնուամենայնիվ, մասնագետներից շատերը կամավոր քվոտավորման համակարգը բավարար չեն համարում:

Իրավապաշտպան ակտիվիստ եւ փաստաբան Բայա Պատարիան այն կարծիքին է, որ պարտադիր քվոտավորման համակարգն անհրաժեշտություն է, քանի որ ֆինանսական խրախուսման մեթոդն արդյունք չտվեց:

«Արագ եւ արդյունավետ փոփոխությունների հասնելու համար՝ մենք պահանջում ենք ներդնել պարտադիր կուսակցական քվոտաները, որոնք կնպաստեն ավելի արդար գենդերային հավասարությանը: Մեզ անհրաժեշտ են քվոտաները՝ իրական իշխանություն ձեռք բերելու եւ կանանց ներկայացվածությունն այն մակարդակի հասցնելու համար, որ նրանք կարողանան քաղաքական ասպարեզում փոփոխությունների հասնել», – նշում է Պատարիան IWPR-ին ուղղված էլեկտրոնային նամակում:

Վրաստանն առաջին երկիրը չէ տարածաշրջանում, որ պատրաստվում է քվոտավորման համակարգ ներդնել: 1999-ին Հայաստանում կուսակցական ցուցակներում 5 տոկոս պարտադիր քվոտաներ ներդրվեցին: Այնուհետեւ քվոտաներն ավելացան եւս 10 տոկոսով, եւ որոշակի փոփոխություններ արվեցին դասակարգման հետ կապված պահանջը ներդնելու համար: Արդյունքում՝ Հայաստանում աստիճանաբար աճեց կանանց ներկայացվածությունը խորհրդարանում՝ կազմելով ընդհանուր տեղերի 11 տոկոսը:

Ինչ վերաբերում է վրաց հասարակությանը, ապա այն կարծես կողմ է փոփոխությանը:

Այս տարվա մարտին Վրաստանի կանանց շարժման ակտիվիստները բողոքի ցույցեր անցկացրին եւ այլ միջոցառումներ կազմակերպեցին՝ պահանջելով մեծացնել կին պատգամավորների ներկայացվածությունը խորհրդարանում:

Մայիսին ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) կողմից անցկացված հետազոտությունը պարզել է, որ վրացիների 68 տոկոսը կողմ է խորհրդարանում կանանց ներկայացվածության աճին նպաստող պարտադիր քվոտաների ներդրմանը:

2014 թվականի հոկտեմբերին անցկացված նմանատիպ հարցման մասնակիցների կեսից ավելին ընդունել էին, որ կանայք չափազանց փոքր թիվ են կազմում խորհրդարանում, իսկ հարցվողների 70 տոկոսը նշել էր, որ օրենսդրական մարմնում կին պատգամավորների թիվը պետք է նվազագույնը 30 տոկոս կազմի:

«Այս հարցումն արտասովոր արդյունքներ է տվել: Քաղաքական տեսանկյունից դժվար կլինի անտեսել այս թվերը եւ ընտրազանգվածի՝ առաջընթացի եւ առավել մեծ հավասարության հասնելու ձգտումը», – նշվում է NDI վրացական գրասենյակի տնօրեն Լորա Թորնթոնի տարածած մամուլի hաղորդագրությունում:

Պարտադիր քվոտավորմանն արդեն իսկ հրապարակայնորեն կողմ են արտահայտվել մի շարք հայտնի քաղաքական գործիչներ: Թե՛ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ով 2015-ը հայտարարել էր կանանց տարի, թե՛ նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հավանություն են տվել գաղափարին:

Օրենսդրական նախաձեռնությունը հաստատած Մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան կանխագուշակում է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը նույնպես կաջակցի գենդերային քվոտավորմանը:

«Հեշտ չի լինելու, բայց մենք փորձում ենք փոխհամաձայնության հասնել: Անձամբ ինձ համար սա շատ բարդ ճանապարհ է եղել, որը ես միայնակ եմ հաղթահարել քաղաքականության մեջ: Սեփական օրինակով ես ցույց եմ տվել կանանց, որ ցանկացած նպատակի հնարավոր է հասնել, սակայն նրանք դեռեւս ավելի մեծ աջակցության կարիք ունեն», – ասում է նա:

Հասարակական կազմակերպությունների կոալիցիայի կողմից մշակված օրենսդրական առաջարկը քննարկվող միակ նման նախագիծը չէ:

«Վրացական երազանք» կուսակցության անդամ Նանա Կեինաշվիլին նույնանման օրենսդրական նախագիծ է մշակել, որն առաջարկում է, որպեսզի կուսակցական ցուցակներում ներառվող թեկնածուներից յուրաքանչյուր երրորդը կին լինի: Մինչդեռ քննարկվող օրենսդրական նախագիծը առաջարկում է, որպեսզի թեկնածուների ցուցակներում կանանց ու տղամարդկանց անունները փոխհաջորդեն իրար:

Չնայած Կեինիշվիլին նույնպես այն կարծիքին է, որ խորհրդարանում կանայք եւ տղամարդիկ պետք է հավասարապես ներկայացված լինեն, սակայն խորհրդարանականների դիմադրության պատճառով նախընտրել է ՀԿ-ների ներկայացրած օրինագծի ավելի մեղմ տարբերակը ներկայացնել:

«Նրանք ասում են, որ խելացի կանայք ոչ մի քվոտաների կարիք չունեն: Դժվար է նրանց համոզելը», – բացատրում է Կեինիշվիլին՝ կանխագուշակելով, որ օրինագիծը խիստ դիմադրության է հանդիպելու իր տղամարդ գործընկերների կողմից, ովքեր մտահոգված են, որ կանայք կզբաղեցնեն իրենց տեղերը խորհրդարանում:

«Այսօր կինը պետք է տասն անգամ խելացի եւ տասն անգամ ակտիվ լինի, որպեսզի տղամարդիկ նրան իրենց հավասար ճանաչեն», – ասում է նա:

Փաստաբան Պատարիան ընդգծում է, որ Վրաստանում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքը խորն արմատներ ունի:

«Գենդերային անհավասարությունը համակարգային բնույթ է կրում եւ արմատացված է վրաց հասարակության մեջ: Հետեւաբար, հավասար իրավունքների քաղաքականությունը՝ քվոտաների տեսքով, ոչ միայն արդարացված է, այլեւ պարտադիր է մարդու իրավունքների միջազգային օրենսդրության տեսանկյունից: Քվոտաները ժամանակավոր հատուկ միջոցներ են՝ էական, դե ֆակտո հավասարության հասնելու համար», – եզրակացնում է փաստաբանը:

 

Հեզեր Յունդը IWPR-ի դասընթացավար եւ մուլտիմեդիա լրագրող է Թբիլիսիում:
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Համաշխարհային ձայներ» պարբերականից։ (iwpr.net)

 

 

Տեսանյութեր

Լրահոս