«Հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կարող է շատ ավելի լավ աշխատել». Պետո Դեմիրճյան
«Զեկույցը ԵԽԽՎ նստաշրջանում կընդունվի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից ԵԽԽՎ օրակարգ ներառված բանաձևին, որը վերնագրված է «ԵԽԽՎ հանձնաժողովը կոչ է անում Հայաստանին հեռացնել Լեռնային Ղարաբաղի շուրջ Մինսկի խմբի բանակցային գործընթացից»:
Նա նշեց, որ Ադրբեջանի «խավիարային» դիվանագիտության լուծումը «խավիարային» պատասխանն է Հայաստանի կողմից: Ըստ նրա` տվյալ զեկույցի նման ընթացքն անակնկալ չէր, քանի որ երբ նշանակվեց զեկուցաբերը` Ուոլթերը, որոշվեց զեկույցի վերնագիրը, պարզ դարձավ, թե այն ինչ ընթացք է ունենալու: Սակայն Պ. Դեմիրճյանը ցավով է նշում, որ ԵԽԽՎ այլ պատգամավորներ ևս ցանկացան ընթացք տալ այս ամենին, թեև հայաստանայն պատվիրակությունն առաջին իսկ օրվանից դեմ է եղել դրան:
Դեմիրճյանն այն կարծիքին է, որ դիվանագիտական գործիքները կարող են դիմակայել խավիարային դիվանագիտությանը, բայց պետք է ճիշտ ձևով օգտագործել այդ դիվանագիտությունը: «Պետք է դիվանագիտական գործիքները ճիշտ ձևով օգտագործել, որպեսզի այս կետին չհասնենք: Թերանալը հայկական պատվիրակության համար կոպիտ է հնչում, բայց բնականաբար կարող էին շատ ավելի լավ աշխատել: Պատվիրակությունը փորձել է դեմն առնել զեկույցի, բայց չի հաջողվել: Ընթացքը ցույց է տալիս, որ զեկույցը կքվեարկվի ԵԽԽՎ-ում և կընդունվի, սակայն մինչ այդ՝ ի՞նչ կփոխվի դժվար է ասել, հայաստանայն պատվիրակությունն ինչ քայլերի կդիմի մինչ այդ՝ չեմ կարող ասել: Եթե նույնիսկ չքվեարկվի և չհասնի քվեարկության այս զեկույցը, ամեն դեպքում նման զեկույցներ ապագայում նորից օրակարգ են մտցվելու»,- նշեց Պետո Դեմիրճյանը: