Մոսկվա մեկնած պատվիրակությունը հանդիպել է տուժածների հարազատներին
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի և Տուլայի շրջանի առողջապահության նախարար Օլգա Ավանեսյանի մասնակցությամբ հրավիրվել էր բժշկական կոնսիլիում, որի ընթացքում հստակեցվել են տուժածների հետագա բուժման հարցերը, առանձնացվել են այն հիվանդները, որոնց բուժման գործընթացը հնարավոր է շարունակել Հայաստանում:
«Վերահսկողության և ճիշտ բուժման շնորհիվ դրական դինամիկա է առկա նույնիսկ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդների մոտ: Ընդհանուր առմամբ` մեր խնդիրն է հասկանալ յուրաքանչյուր հիվանդի ճակատագիրը` նա մնում է Տուլայում, տեղափոխվում Մոսկվա թե Երևան»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ առկա պայմանավորվածության համաձայն անհրաժեշտության դեպքում տուժածների բուժումը կշարունակիվի նաև Մոսկվայի առաջատար կլինիկաներում:
Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ` անմիջապես օդանավակայանից Երևան տեղափոխվող քաղաքացիների ամբողջ ծավալով բժշկական օգնությունը և վերականգնողական բուժումն իրականացվելու է նեղ մասնագիտացված հաստատություններում:
Հայկական պատվիրակությունը հանդիպել է նաև տուժածների հարազատներին և բարեկամներին: Ուզլովսկի քաղաքում նրանք այցելել են նաև վիրավորների և նրանց հարազատներին օգնելու նպատակով ձևավորված ժամանակավոր շտաբ:
Ինքնաթիռով Երևան կգան նաև այն վիրավորները, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ թույլ է տալիս տեղափոխում: Մյուս վիրավորների, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքներում գտնվողների բուժումը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանց առողջական վիճակը ևս թույլ կտա տեղափոխվել Հայաստան:
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարի զոհերի աճյունները Երևան կտեղափոխվեն այսօր` նոյեմբերի 5-ին, հատուկ չվերթով:
Աճյունների տեղափոխումը կկազմակերպվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին՝ դեպքից ժամեր անց, Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսի վթարի հետևանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության կազմակերպման և տուժած քաղաքացիներին ու նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, որի նախագահը ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: