Բժիշկը Աիդա Սարգսյանի հարազատներին է մեղադրում. ինչից է մահացել երգչուհու մայրը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 1-ին «Միքայելյան» վիրաբուժական կենտրոնում մահացած Սվետլանա Սարգսյանի դուստրը` երգչուհի Աիդա Սարգսյանը, չի պատրաստվում լռել եւ ամեն ինչ անելու է՝ իր մոր մահվան մեջ մեղավոր բժիշկներին պատժելու համար: «Ժողովուրդ»-ը զրուցեց երգչուհու մորը առաջին օգնություն ցուցաբերած «Հոսպիս» ծերերի խնամքի կենտրոնում որպես խորհրդատու աշխատող Հրանտ Կարապետյանի հետ, ով ասաց, որ իրեն մեղավոր չի համարում: Երգչուհի Աիդա Սարգսյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ անցած տարի իր մայրիկը առողջական խնդիր է ունեցել, սակայն կարողացել են վերականգնել:
Բայց այս տարի. «Ֆիզոթերապիայի ինստիտուտում ողնաշարն ուղղելու փոխարեն ստամոքսի խոց առաջացրին: «Հոսպիս» կենտրոնում թերապիաների գնաց եւ վերականգնեց իր ուժերը: Եւ, ահա, նորից լավ չի զգացել իրեն, կրկին գնացել էր «Հոսպիս» կենտրոն: Այդ ժամանակ բժիշկներն արյուն են տեսել, բայց ոչ մի բան չեն ձեռնարկել՝ մտածելով, թե իր ստամոքսի նախկին խնդիրն է»:
Երգչուհու խոսքով՝ իր մորը բուժող բժիշկը՝ Հրանտ Կարապետյանը, առանց անալիզներ վերցնելու իրեն ասել է, որ ձեռքով շոշափել եւ զգացել է, որ մոր լյարդը քայքայված է ու մետաստազ կա, կերակրափողը եւ ներքին օրգանները քայքայված են. «Միթե շոշափելով կարելի է նման եզրակացություն անել: Մենք մայրիկիս տարանք այլ տեղ ստուգելու, պարզվեց, որ նրա մոտ կյանքին սպառնացող խնդիր չկա, ուղղակի արյունահոսությունը կանգնեցնել է պետք, ու մայրս կրկին վերադարձավ, իսկ լյարդը փոքր-ինչ ճարպակալել էր ընդամենը: Ինչեւէ, այս ամենից հետո կրկին վերադարձանք «Հոսպիս» կենտրոն, որտեղից կարճ ժամանակ անց զանգեցին, ասացին՝ Ձեր հիվանդը մահամերձ է: Տեղափոխեցինք «Միքայելյան» վիրաբուժական կենտրոն, որտեղ էլ բժիշկները պնդեցին, որ գաստրոսկոպիա է անհրաժեշտ անել, եւ շատ պնդելուց հետո, առանց որեւիցե թղթաբանության, գաստրոսկոպիա արեցին, ինչին դեմ եմ եղել՝ համոզված լինելով, որ մայրս դրան չի դիմանա: Ինձ ասացին, որ լավ մասնագետ ունեն, գաստրոսկոպիայից հետո ամեն ինչ լավ կլինի, բայց հակառակը եղավ: Պարզվեց, որ ինչ-որ անոթ են ծակել, դրանից արնահոսել է, ավելի ուշ մահացել»…
Աիդա Սարգսյանի մորը բուժող բժիշկը՝ «Հոսպիս» կենտրոնի մասնագետ Հրանտ Կարապետյանը, կատարվածում իր մեղքի բաժինը չի տեսնում. «Աիդա Սարգսյանի մայրը մի քանի ամիս առաջ ցավեր է ունեցել, հակացավային թերապիայի կարիք է ունեցել, որից հետո լավ վիճակում դուրս է գրվել կենտրոնից: Երգչուհին հյուրախաղերի մեջ էր, նրա ընկերուհին զանգահարեց եւ հայտնեց, որ մայրիկի մոտ նույն վիճակն է, կարող է բերել հիվանդանոց, պատասխանեցի՝ այո: Բերեցին, արդեն արյունահոսում էր: Խոսել եմ ե՛ւ Աիդա Սարգսյանի, ե՛ւ ԱՄՆ-ում գտնվող նրա եղբոր հետ, հայտնել եմ՝ եթե արյունահոսությունը կրկնվի, ապա մայրիկին չեն կարողանալու պահել իրենց կենտրոնում: Աիդա Սարգսյանի մայրիկի մոտ ստամոքսի քաղցկեղ էր եւ ենթակա չէր վիրահատման»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: