Այսօր ԵՄ-ն փախստականների հարցով արտահերթ հանդիպում է հրավիրել
Այսօր տեղի կունենա ԵՄ անդամ-երկրների արդարադատության ու ներքին գործերի նախարարների արտահերթ հանդիպումը, որտեղ քննարկվելու են Մերձավոր արևելքից ներգաղթյալների անկառավարելի հոսքին վերաբերող խնդիրներ:
Այս մասին ասվում է հայտարարության մեջ, որը հրապարակվել է այսօր Եվրոպայի խորհրդի կայքում:
Սպասվում է, որ հանդիպմանը կքննարկվեն ԵՄ-ում ստեղծված վիճակին առնչվող հարցեր: Հանդիպմանը ընթերցվելու են ինչպես ՄԱԿ-ի ու ԵՄ-ի, այնպես էլ «Ֆրոնտեքսի», «Եվրոպոլի», Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցները:
Բացի այդ՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման առաջարկություն կներկայացվի նաև Եվրահանձնաժողովի կողմից: Խնդրի կարգավորման վերաբերյալ ԵՄ-ի մակարդակով մի շարք հանդիպումներ են նախատեսվում նաև հաջորդ ամիս:
Սեպտեմբերի 15-ին պետք է ուժի մեջ մտնեն Հունգարիայի՝ սահմանի մասին օրենքները, ու Սերբիայից ու Հունգարիայից փախստականների չկարգավորված հոսքը պետք է դադարեցվի:
Տարեսկզբից Եվրամիություն է ժամանել մոտ 500 հազար փախստական, որոնց շարքերը օրեցօր ստվարանում են: