«Սերժ Սարգսյանը մատով մի հատ անի, բոլորը բացահայտված են, մեղավորները պատժվեն, մենք էլ գնանք մեր տները». զոհված զինվորների մայրեր

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ժառանգություն» խմակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային ժողովին եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» նախագիծը: Նախքան զեկույցին անցնելը, Զ.Փոստանջյանը հայտարարեց, որ հարցի քննարկմանը մասնակցելու համար եկել են զոհված զինվորների ծնողները:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կոչ արեց շոու չսարքել: Ի պատասխան Փաստանջյանի մեղադրանքին, որ իրավունք չունի զոհվածների մայրերին թույլ չտալ մասնակցել նիստին, Հ.Սահակյանը հղում արեց ԱԺ կանոնակարգին, Զ.Փոստանջյանին մեղադրեց ստելու մեջ և հորդորեց սթափվել, սակայն թույլատրեց ներս մտնել նրանց: «Դուք հո ոստիկան չե՞ք»,- արձագանքեց Զ.Փոստանջյանը:

Զ.Փոստանջյանը ներկայացրեց, որ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ուսումնասիրի մահացած զինծառայողների քրեական գործերը, հարազատների մատնանշած հանգամանքները: Հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն մեկական պատգամավորներ ԱԺ խմբակցություններից, և մեկ պատգամավոր՝ խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից: Հանձնաժողովը պետք է գործի մինչև 2016 թ. մայիսի 1-ը, եզրակացությունը քննարկվի ԱԺ նստում:

Ըստ նախագծի՝  ՀՀ զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ քրեական գործերով անհրաժեշտ և բավարար քննություն չի իրականացվում: Օրենքների կոպիտ խախտման հետևանքով տարիներ շարունակ տուժողների հարազատները բողոքներ են ներկայցնում և պահանջում իրականացնել արդար դատաքննություն: Մահացած զինծառայողների հարազատների կողմից ներկայացված բողոքները փաստում են, որ վարույթն իրականցնող մարմնի կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել՝ քրեական գործով ճշմարտությունը բացահայտելու համար:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը կողմ արտահայտվեց գաղափարին, սակայն նշեց, որ նախագծում ճշգրտումների կարիք կա:

Զ.Փոստանջյանը համաձայնեց և քննարկման արդյունքում որոշվեց նախագիծը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով: Հեղինակը նշեց, որ կրկին կդիմի ու հաջորդ քառօրյայից առաջ նախագիծը կրկին կդնի շրջանառության մեջ:

«Ձևակերպումները կապ չունեն հանձնաժողովի ստեղծման հետ, որին բոլորս կողմ ենք, իսկ այսպես տանելու է փակուղի»,- նկատեց Հ.Սահակյանը:

Նա փոխանցեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի խոսքերը, որ պատրաստ են ավելի լայն քննարկում կազմակերպել, իսկ խորհրդարանի ղեկավարը կհանդիպի ծնողներին առանձին-առանձին, որովհետև յուրաքանչյուր դեպք առանձին է:

Նիստից հետո զոհված զինծառայողների ծնողները դժգոհեցին, որ իրենց ներկա գտնվելը շուո չէ. «Այս 8 տարիների ընթացքում մենք արդարադատություն չունենցանք: Սա շոու չի»:

Հ.Սահակյանն արդարացավ, թե խոսքը նրանց չէր վերաբերվում, այլ Զ.Փոստանջյանին, ով նախապես պետք է ասեր նրանց գալու մասին:

Զ.Փոստանջյանը հակադարձեց, որ տեղեկացրել է ու չէր պատկերացնում, որ կարող է դեմ լինել: «Հաջորդ նիստին ևս ներկա են լինելու»,- հայտարարեց նա:

Մայրերը նշեցին, որ Հ.Սահակյանի հետ հանդիպման ժամանակ վերջինս ասել է, թե ժամանակավոր հանձնաժողովը տանելու է փակուղի, ինչպես եղավ Մարտի մեկի դեպքում: Նրանք հայտարարեցին, որ հանձնաժողովը վերջին հույսն է, որ հարցի լուծում կտա:

Զոհված Վալերի Մուրադյանի մայր Նանա Մուրադյանը նշեց, որ ցանկության դեպքում բոլոր սպանությունները կբացահայտվեն և պահանջեց անկախ հանձնաժողով ստեղծել այս գործերով. «Ոչ մի գաղտնիություն չկա, այս գործերը բոլոր մանրամասնություններով բացահայտված են: Սերժ Սարգսյանը մատով մի հատ անի, բոլորը բացահայտված են, մեղավորները պատժվեն, մենք էլ գնանք մեր տները, որ ոստիկաները չքաշքշեն, չնվաստացնեն մեզ: Թող բացահայտեն»:

Տեսանյութեր

Լրահոս