Ասել, որ մեզ շատ դուր է գալիս այն, որ Ադրբեջանը Ռուսաստանից զենք է գնում, իհարկե, ոչ, սակայն, հավանաբար, դա բիզնեսի հարց է. Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել BBC-ի ռուսական ծառայությանը, որտեղ ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Ռուսաստանի կողմից միաժամանակ Հայաստանին ու Ադրբեջանին սպառազինություն վաճառելու հարցին:

«Մենք համագործակցում ենք ռազմական ոլորտում ու համապատասխանաբար, Ռուսաստանից գնում ու ստանում ենք սպառազինություններ: Այստեղ ոչ մի նոր բան չկա, իսկ այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին ու մյուս երկրներին, դա նույնպես բնական է, քանի որ Ռուսաստանը զենք արտադրող երկիր է, Ռուսաստանը շատ ակտիվորեն ներկա է զենքի շուկայում: Ասել, որ մեզ շատ դուր է գալիս այն, որ զենքը ձեռք է բերում Ադրբեջանը, իհարկե, ոչ: Անկասկած, ոչ, սակայն, հավանաբար, դա բիզնեսի, առևտրի հարց է, բայց մեր հարաբերությունները դաշնակցային են: Հարաբերությունները դաշնակցային անվանելը նույնպես շատ բան է նշանակում»,- հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

BBC-ի լրագրողի այն հարցին, թե արդյոք Հայաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու ուղին փակ է, ՀՀ արտգործնախարարը ասել է Հայաստանը շատ է շահագրգիռ եղել ու ցանկացել է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՙ) ու այն, ինչ չի հակասի ԵՏՄ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարմանը, այդ շրջանակում էլ Հայաստանը պատրաստ է առավելագույնս զարգացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ:

«Մենք ԵՄ անդամ ենք, իսկ ի՞նչ, այնտեղ խոսքը Եվրամիության անդամ դառնալու մասի՞ն էր: Դրանք տարբեր կատեգորիաներ են: Մենք ԵՏՄ անդամ ենք, որը տալիս է որոշակի առավելություններ ու պարտավորություններ ու հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կզարգացնենք մեր հարաբերությունները այլ երկրների հետ»,- ասել է Նալբանդյանը:

Անդրադառնալով Արևմուտքի կողմից Ուկրաինայի ու Ղրիմի պատճառով Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցին, Նալբանդյանը ասել է, որ մենք ցավով ենք վերաբերվում նրան, թե ինչ է այնտեղ կատարվում, քանի որ Ուկրաինայում կես միլիոնանոց հայ համայնք ունենք:

«Ես չեմ կարծում, թե պատժամիջոցների ճանապարհով կարելի է լուծել հարցերը: Հարցերը պետք է լուծել երկխոսության, բանակցությունների միջոցով: Դա լավագույն մեթոդն է միջազգային հարթակում ցանկացած հակամարտության լուծման համար»,- ասել է ՀՀ արտգործնախարարը:

Տեսանյութը՝  այստեղ

Տեսանյութեր

Լրահոս