Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսքը». Hurriyet
Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագիծը, գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների սեփական աղբյուրներին:
Նախագծից Անկարայի հրաժարվելու պատճառն այն է, որ կողմերը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվածություն ձեռք բերել այդ գազատարի շինարարության շուրջ դետալների ու ռուսական գազի զեղչի շուրջ:
Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ կողմերը կարող են վերսկսել բանակցությունները «Թուրքական հոսքի» շինարարության շուրջ, սակայն բանակցությունների վերսկսման մասին դեռ ոչինչ հայտնի չէ:
Ռուսական «Գազպրոմը» և թուրքական «Բոթաշ» պետական ընկերությունը 2014 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրել են Ռուսաստանից Սև ծովի հատակով դեպի Թուրքիա գազատար կառուցելու փոխըմբռնման հուշագիր: «Թուրքական հոսք» անվանումը ստացած այդ գազատարի տարեկան թողունակությունը կազմելու է 63 միլիարդ խորանարդ մետր:
«Թուրքական հոսք» գազատարի երկարությունը կազմելու է մոտ 1100 կիլոմետր: Այն բաղկացած է լինելու չորս ճյուղից, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կազմելու է 15.75 միլիարդ խորանարդ մետր: Առաջին ճյուղն ամբողջովին նախատեսված է թուրքական շուկա ուղղելու (Թուրքիայի ներքին սպառման) համար:
Գազատարի շինարարությունը ծրագրվում էր սկսել դեռևս հունիսին, սակայն նախագիծը դեռևս քննարկման փուլում է: