Բաժիններ՝

Նացիստների 300 տոննա ոսկով լի զրահագնացքի առաջին զոհը. Լեհաստանում զոհվել է գանձ որոնողներից մեկը

39-ամյա լեհը, ով ընկերների հետ միասին ուղևորվել էր որոնելու նացիստների «ոսկե գնացքը», ընկել է լեհական Սվեբոձիցե քաղաքի հին գերմանական գերեզմանոցի դամբարանը: Այս մասին հայտնում է լեհական Radio Wroclaw-ը: Ոստիկանության տեղեկություններով՝ տղամարդը մահացել է՝ ընկնելով 4 մետր բարձրությունից:

Իրարանցումը, որն առաջացել է Լեհաստանում նացիստական 300 տոննա ոսկի տեղափոխող զրահագնացքի հնարավոր հայտնաբերման մասին լուրերի հետևանքով, չի դադարում:

Gazeta Wroclawska-ն հայտնում է Վակբժիխ քաղաքի մերձակայքում ևս մեկ ստորգետնյա թունելի հայտնաբերման մասին, որի երկարությունը կարող է կազմել մինչև 2 կմ: Երկրի իշխանությունները դեռ չեն հաստատում տեղեկությունը:

Օգոստոսի վերջին Վալբժիխի երկու բնակիչ հայտարարեց, թե իրենց հաջողվել է հայտնաբերել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների զրահագնացք, որտեղ գտնվում է մոտ 300 տոննա ոսկի, որոնք թալանել էին նացիստները:
Լեհական ԶԼՄ-ները ենթադրում էին, թե խոսքը թունելիներից մեկի մասին է, որը նացիստներն ստեղծել էին պատերազմի վերջում օդային հարվածներից արդյունաբերական արտադրանքը պաշտպանելու համար:

Լեհական ԶԼՄ-ները նշում են, որ 300 տոննա գանձերով լի գնացքի մասին լեգենդները վաղուց են պտտվում: Այն իբր անհետացել էր Քսենժ դղյակից ոչ հեռու՝ դուրս էր եկել Վրոցլավից, երբ մոտեցել էին խորհրդային զորքերը: Երկաթուղային ճանապարհի 61-րդ կիլոմետրում գնացքի հետքերը կորել էին:

Տարածքում ներկայում պարեկություն են անում ոստիկանները, քանի որ բահերով զինված բազմաթիվ մարդիկ են գնում տեղանքն ուսումնասիրելու:

Տեղի օրենքներով, սակայն, գանձեր որոնողները ոչ մի իրավունք չեն ունենալու հայտաբերված գանձերի նկատմամբ: Միայն 2 մարդ, ովքեր հայտնաբերել են «ոսկե էշելոնը», ձևակերպել են իրենց իրավունքը, որի համաձայն՝ պեղումների դրական արդյունքի դեպքում իրենք ստանալու են գանձերի 10 %-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս