Դեղորայքի գների նկատմամբ կսահմանվի պետական վերահսկողություն
                                    «Դեղերի մասին» օրենքը փոփոխությունների կենթարկվի, և առաջին անգամ կսահմանվի դեղերի գների պետական կարգավորում իրականացնելու հնարավորությունը: Օրենքի փոփոխություններն այսօր քննարկվեցին Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրեց փոփոխությունների նպատակը: Օրենքն ընդունվել է 1998-ին, ներկայում չի ներառում օրենսդրական կարգավորում պահանջող հարաբերությունների ողջ սպեկտրը: Նախագծով սահմանվում են դեղային պետական քաղաքականության հիմնական սկզբունքները` որպես հիմնական նպատակ որդեգրելով դեղերի ֆիզիկական և ֆինանսական մատչելիության և դեղապահովման ոլորտում սոցիալական արդարության ապահովումը:
«Դեղգործակալության» տնօրեն Հակոբ Թոփչյանը կարևորեց ազգային գրանցման պահպանումը, քանի որ այն ներդաշնակ է միջազգային ստանդարտներին, մինչդեռ ԱՊՀ նորմերում կան որոշակի փոփոխություններ՝ ըստ յուրաքանչյուր երկրի ներկայացրած պահանջի, ինչը բերում է դեղի գրանցման գնի բարձրացման:
Նա նշեց, որ ԵՏՄ պահանջն է՝ օրենսդրական փաթեթն ընդունել մինչև 2016թ. հունվարի 1-ը: ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կողմ արտահայտվեց դեղերի գրանցման համար թանկ սակագների սահմանմանը: Ըստ նրա՝ դա նաև անվտանգության խնդիր է լուծում, այլապես գրանցման համար ՀՀ-ում նախատեսված պարզեցված կարգի պայմաններում վտանգ կա, որ ՀՀ կսողոսկեն նաև այլ դեղեր:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    